Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XI

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈԻՆԻՆ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Պատմում էին, թե Գրիգոր Արծրունու ծննդյան օրը, հայրը, որ պաշտոնաթող գեներալ էր, նայելով նրա երեսին, ասել է.

— Օ՜, դու ինձ համար փորձանք ես դառնալու։

Իրողություն է այս, թե անեկտոդ — չգիտեմ, բայց մի անգամ Արծրունին իր հոր գլխին մի փորձանք բերեց։ Թիֆլիսի քաղաքային ինքնավարության ընտրություններն են։ Իրավասուների մի խումբ քաղաքագլխի պաշտոնի համար թեկնածու է հայտարարել Արծրունու հորը, ի նկատի ունենալով ոչ այնքան նրա արժանավորությունները, որքան նրա գեներալային տիտղոսն ու հարստությունը։ Մի ուրիշ խումբ որոշել է ընտրել վրացի Կիպիանուն, որ իրոք մի արժանավոր անձնավորություն էր և որ ապագայում շատ հալածանքներ կրեց ցարական կառավարությունից և մեռավ աքսորավայրում։ Այս վերջին խմբի մեջ է լինում և՛ Գրիգորը։ Նա ասում է.

— Հայր, եթե դու քվեարկվես, գիտցիր, որ ես քեզ սև քվե եմ տալու։

— Չես համարձակվիլ, թշվառական, — գոռում է գեներալը, որ վերին աստիճանի մի կամակոր և անզուսպ մարդ է եղել։

Գրիգոր Արծրունին կատարում է իր սպառնալիքը։ Ընտրությունների ժամանակ նա իր ճերմակ քվեն գցում է Կիպիանու տուփի, իսկ սև քվեն իր հոր տուփի մեջ։ Եվ այդ մի հատիկ քվեով Կիպիանին քաղաքագլուխ է ընտրվում։

Այս բանն ինձ պատմել է իր ժամանակին նշանավոր վրացի հրապարակախոս Նիկոլայ Ցակովլևիչ Նիկոլաձեն։

Ընդհանուր առմամբ Գրիգոր Արծրունին արդարամիտ էր թե հրապարակախոսության մեջ և թե՛ իր մասնավոր կյանքում, բայց, լինելով ծայր աստիճան դյուրագրգիռ և տաքարյուն, հաճախ ընկնում էր ինքնամոռացության մեջ և շեղվում արդարադատության շավղից։ Նա մերթ ջենտլմեն