զորությամբ։ Այդ բոլորին հետևեց հորս անսպասելի սնանկությունը և կատարյալ չքավորությունը։
Վերջացնելով քաղաքային դպրոցի դասընթացքը, ես ստիպված եղա խեղդել իմ մեջ ուսման ծարավը և մի որևէ գործի մտնել։ Բայց ի՞նչ գործ կարող էի գտնել մի կիսավեր քաղաքում, որ ոչ արդյունաբերություն ուներ և ոչ էլ քիչ թե շատ խոշոր վաճառականություն։
Մեկը մեր հարևաններից ուներ աղի պահեստ։ Նա ինձ հրավիրեց իր մոտ ծառայելու աղ կշռողի պաշտոնով։ Ուրախությամբ ընդունեցի նրա հրավերը, բայց ամսականի մասին խոսք չեղավ։ Ավելի քան մի ամբողջ տարի աղ կշռելուց ես ոչ մի վարձ չստացա, բացի ձեռներիս կոշտերից։ Աղի պահեստանոցից անցա տեղական ոստիկանություն, նույնպես առանց որևէ ամսականի։ Ինձ խոստացան ավագ գրագրի հեռանալուց կամ մեռնելուց հետո նրա պաշտոնն ինձ տալ, բայց մարդը, որ դեռ երիտասարդ էր, բնավ մտադիր չէր մեռնելու և ոչ էլ իր պաշտոնից հրաժարվելու։ Ութ-ինը ամիս ծառայելուց հետո հուսահատվեցի և դուրս եկա ոստիկանատնից։ Մինչ իմ մտքերս զբաղված էին անցյալովս, լսեցի գեղեցիկ ուղեկցուհուս փաղաքուշ ձայնը.
— Բալաս, քիչ ֆիքր արա, ուրախ պահի քեզ, մենք ավելի լավ քաղաք ենք գնում, Բաքու։
— Այնտեղ ծով կա, գիտե՞ս, ծո՜վ,— ավելացրեց նրա պատանի որդին, ապա, դառնալով գինեվաճառին, հարցրեց,— այնպես չէ՞, Բալասի ապեր, Բաքուն հրաշալի քաղաք է։
Բալասի ապերը պատրաստվում էր ընթրիք անելու։ Դա մի շատ նիհար և երկարահասակ մարդ էր, փորը մեջքին կպած, մեծ քթով և շատ մեծ բեղերով, որոնք միանգամայն ծածկում էին նրա բերանը։ Նախքան պատանու հարցին պատասխանելը նա դուրս բերեց իր խուրջինից վարունգներ, մոթալի պանիր, ապխտած ձուկ, խաշած ձվեր, զանազան կանաչեղեն և մի տկճոր գինի և մեզ հրավիրեց իր սեղանին մասնակցելու։ Ես ախորժակ չունեի. պատանին նույնպես հրաժարվեց։ Եվ երբ գեղեցկուհին երկար թախանձանքներից