Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերային կյանքի բոլոր արտաքին ձևականություններին։ Վարն այս առթիվ կպատմեմ մի քանի փաստեր։

Պռոշյանը խորապես հավատացյալ քրիստոնյա, ջերմ կրոնապաշտ և լուսավորչական էր առաջին տեսակի։ Մի ժամանակ նա մինչև անգամ ուզում էր քահանա ձեռնադրվել, իսկ կինը վախճանվելուց հետո՝ վարդապետ։ Չգիտեմ ինչը խանգարեց նրան անելու թե մեկը, թե մյուսը։ Պահպանողական էր մինչև մոլեռանդություն, բարեկամ էր հայ հոգևորականության, սակայն ոչ նրա «ազատամիտ» պաշտոնյաներին։ Ատելով ատում էր նոր հովերով տարվող կրոնավորներին և միշտ ծաղրում էր նրանց։

— Ինձ համար անաստվածություն քարոզող աշխարհականն ավելի հարգելի է, քան կեղծ հավատացյալը,— ասում էր նա,— ես զզվում եմ այն հոգևորականից, որ եկեղեցու բեմից Դարվինի գաղափարներն է ժողովրդին ուտեցնում։ Կրոնի պաշտոնյան պետք է անկեղծ հավատացյալ լինի, այլապես վեղարը կամ կամիլավկան նրա գլխին նույնն է, ինչ որ ամոթխածության քողը վերջին պոռնիկի երեսին․․․

Պռոշյանն անհատական էր ավելի, քան որևէ մեկը հայ գրողներից։ Կուսակցական բաժանումները նա համարում էր «ազգային դժբախտություն»։ Դասակարգային խորության մասին գաղափար չուներ։ Նրա համար միևնույն էին և տերը, և ծառան, և հարստահարիչը, և հարստահարվողը, միայն թե նրանք հայ լինեն, «պաշտեն իրենց կրոնն ու խոսեն հայերեն, սիրեն ազգը»։

Ընտանեսեր էր Պռոշյանը վերին աստիճանի և ընտանիքից դուրս հաճույք չէր ճանաչում։ Հավատարիմ ամուսին էր ու ջերմ սիրող հայր։ Ներել չէր կարողանում Արծրունուն նրա հակաեկեղեցական ամուսնությունը տիկին Քոչարյանի հոտ։

Նույնպես և ինձ, թեև նրա բարեկամն էի։ Նա կրկնում էր․

— Առանց եկեղեցու օրհնության չի կարող ընտանիք և երջանկություն լինել։

Երբ ես նրան ասում էի, թե ընտանեկան կյանքի միակ կայուն հիմքը ամուսինների փոխադարձ սերն ու հարգանքն է, նա հեգնորեն ժպտում էր, պատասխանելով․