Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XIV

ԳԱԲՐԻԵԼ ՍՈԻՆԴՈԻԿՅԱՆՑ

Մեր անցյալ դեմքերի մեջ Գաբրիել Սունդուկյանցի պատկերը իմ հիշողության մեջ նկարվում է բոլորովին առանձնակի թե իբր գրող և թե իբրև մարդ։

Մոտ վաթսուն տարեկան ծերունի էր, երբ հետը ծանոթացա։ Բավական ամրակազմ, ավելի միջին, քան փոքր հասակով, մաքուր սափրված, միշտ ձեռնոցներով։ Շատերը նրան գեղեցիկ էին համարում, ես՝ ոչ։ Դեմքի գծերը կանոնավոր և փափուկ էին, բայց դա ավելի կուշտ վաճառականի դեմք էր, քան գրողի կամ արտիստի։ Ցարական պաշտոնյա էր «իսկական պետական խորհրդականի» տիտղոսով, որ պահանջում էր «նորին գերազանցություն» կոչումը։ Անհամության չափ հավատարիմ ու զգաստ էր պաշտոնի ու տիտղոսի վերաբերմամբ։ Մեծարանքի սիրահար էր։ Քայլում էր հպարտ, գլուխը քիչ թեքած դեպի ձախ ուսը։ Ցավում էի, որ այդ գլուխն ըստ պաշտոնի ստիպված է թեքվել մեծավորների առջև։

Չեմ հիշում 80-ական թվականների վերջին տարիներից որն էր, երբ լրացավ Սոնդուկյանցի գրական գործունեության քսանհինգամյակը։ Այս առթիվ ես «Արձագանք»-ի մեջ գրեցի մի փոքրիկ հոդված և հիշեցի հասարակությանը վաստակավոր թաթերագրի գործունեությունը։ Անցողակի ասեմ, որ Սունդուկյանցը շատ ուշ էր սկսել գրել, եթե չեմ սխալվում՝ քառասուն տարեկան հասակում։ Հոդվածս տպելու օրն իսկ Սունդուկյանցը վազեց խմբագրատուն հուզված։

— Այդ ի՞նչ եք արել, ի՞նչ եք արել,— գոչեց նա, ըստ սովորության կանխապես շատ քաղաքավարի և ավելորդ հանդիսավորությամբ, բարևելուց հետո։

— Ի՞նչ է պատահել Գավրիլ Նիկիտիչ,— հարցրի ես զարմացած։

— Անաստվածներ, դուք ուզու՞մ եք իմ տունը քանդել։ ՉԷ՞ որ ես Աբգարին խնդրել էի իմ հոբելյանի մասին ոչ մի տող չգրել, ինչու՞ եք գրել։