Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքից։ Համբերեց, բայց պատարագից հետո սարկավագին մի լավ հայհոյեց փողոցում։

Մեր անցյալ դեմքերից ոչ ոք այնպես անաղարտ չպահեց իր ինքնուրույնությունը, որպես Պերճ Պռոշյանը։ Գրանիտյա մի շինվածք էր նա, որքան կոպիտ ու անտաշ, նույնքան կուռ ու ամուր։ Գիտության կարկինը չէր հղկել նրա միտքը, ժամանակի ոգին չէր ազդել նրա հոգու վրա։ Մեռավ այդ մարդը, գերեզման տանելով խորունկ վիշտն իր ավագ որդու մասին։ Մեռավ, չտեսնելով նրան աքսորից վերադարձած փառք ու պատվով և մի օր Պետերբուրգում նստած համայն Ռուսիայի մինիստրական աթոռի վրա։ Եվ լավ էր, որ չտեսավ, որովհետև երկար չտևեց երիտասարդ Պռոշյանի փառքն ու պատիվը։

Պերճ Պռոշյանը հայ գրողների մեջ ամենաինքնուրույնն է։ Նա չուներ Րաֆֆիի երևակայությունը, ինչպես և Խաչատուր Աբովյանի հայրենասիրական ավյունը, բայց կենսունակ էր ավելի, քան մեկն ու մյուսը։

Նա մեր գյուղացիական կյանքի, նրա վարք ու բարքի ու ավանդությունների ամենախոշոր պատկերահանն էր ավելի մանրակրկիտ, քան տաղանդավոր։ Նրա ոճն անտաշ էր, նկարագրությունները հաճախ ճապաղ, բայց ճշգրիտ։ Նա տիպեր չի ստեղծել, տվել է միայն բնույթներ, մեկը մյուսից տարբեր։ Նրա վեպերի գործող անձինք ինքնուրույն են և քայլում են իրանց ոտներով։ Նա իր հերոսների բերանը սանձ չի դրել և քշել նրանց ուզած ուղղությամբ, ինչպես այդ արել են Րաֆֆին ու Աբովյանը։

Փույթ չէ, որ Պռոշյանի վեպերը կարդացվում են հոգնածությամբ, բայց ավարտելուց հետո, այնուամենայնիվ, ընթերցողի հիշողության մեջ մի բան մնում է՝ մի կենսական պատկեր, մի ճշգրիտ տեսարան, մի բարքագրություն։ Դեն գցենք նրա կրկնությունները, նրա կոպիտ բառերը, դա Աբովյանի թողած ժառանգությունն է, բայց մնացյալը հետաքրքրական է հայ գյուղացու հոգեբանությանը ծանոթանալու տեսակետից։