Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկական տիպը։ Գիքոյի տիպն էլ կյանքից եմ վերցրել։ Զիմզիմովը հայտնի վաշխառու Խ․-ցի լուսանկարն է, բայց մի ուրիշ վաշխառու, ճանաչում էի, կաղ Չ․-ցը, երևակայեց, որ իրեն եմ նկարագրել։ Այդ ժամանակ ես այդ մարդու տանն էի կենում. անիրավը ջգրու դուրս արեց ինձ իմ բնակարանից։

Իր գլուխ-գործոցը Սունդուկյանցը «Պեպո»-ն էր համարում և առանձին գուրգուրանքով էր խոսում նրա մասին։ Միշտ գնում էր նրա թե՛ հայերեն և թե՛ վրացերեն ներկայացումներին և մինչև վերջը նստում էր առաջին կարգում։ Երբ դերասանները Թիֆլիսի բարբառը լավ չէին արտասանում, Սունդուկյանցը հուզվում ու վրդովվում էր։

Սունդուկյանցն ինքն էր թարգմանում իր պիեսները վրացերեն։ Վրաց լեզվին նա տիրում էր կատարելապես։ Նա նույնչափ սիրված էր վրաց բեմի, որչափ և հայոց բեմի վրա. իր թարգմանությունների տակ չէր դրում «թարգմանություն հայերենից». գոնե ես վրաց աֆիշներում երբեք չեմ հանդիպել այդ բառերին։ Ընդհակառակը, երբեմն Սունդուկյանցի ազգանունը փոխվում էր վրացերենի՝ Սունդուկաշվիլի։ Սունդուկյանցը չէր բողոքում և շատ լավ էր անում. նա նույնքան վրացի էր, որքան և հայ, ինչպես Սայաթ-նովան։

Սունդուկյանցը գրելու ժամանակ ծայր աստիճան բծախնդիր էր։ Ես չգիտեմ՝ ինչպես էր գրել իր գլխավոր գործերը Թիֆլիսի բարբառով. «Պեպո», «Խաթաբալա», «էլի մեկ զոհ», «Հանգած օջախ» վաղուց գրված ու տպագրված էին, երբ ես ծանոթացա հեղինակի հետ, բայց լավ հիշում եմ այն օրերը, երբ գրում էր իր վերջին գործերը գրական բարբառով։ Նա յուրաքանչյուր դարձվածք, յուրաքանչյուր բառ երկար ժամանակ քննում էր, չափում և հետո գրում։ Նա գրական լեզուն լավ չէր ուսումնասիրել և գրելիս միշտ խորհրդակցում էր բարեկամների ու ծանոթների հետ։ Մի քանի անգամ էլ նա ինձ է բռնել փողոցում։

— Բարև ձեզ, հարգելի պարոն Շիրվանզադե,— սկսում էր նա ծանր ու բարակ, ձեռնոցը քաշելով,— ասացեք