Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրեմ, ո՞րն է ավելի գեղեցիկ, «ես պաշտում եմ նրա՞ն», թե՞ «ես նրան պաշտում եմ»։

— Երկու ձևն էլ գեղեցիկ է, բայց, Գավրիլ Նիկիտիչ, նեղություն մի կրեք ձեր ձեռնոցը հանելու, թողեք սեղմեմ ձեր ձեռն այդպես։

— Ո՛չ, Ո՛չ, չի կարելի, քաղաքավարությունը պահանջում է։ Հա, ուրեմն ձեր կարծիքով երկուսն էլ գեղեցիկ են, բայց էլի ասացեք՝ ո՞րն է ավելի դուրեկան հնչում։

— Ես պաշտում եմ նրան,— ասում էի, օձիքս ազատելու համար։

— Բայց «ես նրան պաշտում եմն» էլ է գեղեցիկ։ Շնորհակալ եմ, թող Աբգարին էլ հարցնեմ, տեսնեմ նա՞ ինչ է ասում։ Ցտեսություն, ցանկանում եմ ձեզ առողջություն և հաջողություն, խնդրեմ հարգանքներս մատուցանեք ձեր հարգելի ամուսնուն։ Եվ այսպես, նա հարցնում էր մեկին, մյուսին, երրորդին և հետո գրում էր, ջնջում, նորեն գրում, տասն անգամ փոփոխում ու գրում։ Եվ միայն լեզվի կամ ոճի մասին չէր խորհրդակցում ուրիշների հետ, այլև բովանդակության, գաղափարի։ Գլխավոր իր գործերը գրելիս նրա խորհրդակիցներն են եղել Գևորգ Չմշկյան, Միհրդատ Ամերիկյան դերասանները։ Այս բանը խոստովանում է Սունդուկյանցն իր երկերի առաջաբանում։

Ներկայացումների վերաբերմամբ Սունդուկյանցը պահանջկոտ էր ու բծախնդիր։ Դերասաններին ուղղակի բարոյական ինկվիզիցիայի էր ենթարկում իր ցուցմունքներով։ Յուրաքանչյուր թեթև շեղում բնագրից նրան խորապես վշտացնում էր։ Հաճախ ես թատրոնում նրա քով էի նստում և տեսնում էի, թե ինչպես է վրդովվում այս կամ այն սխալից։

— Անիծված,— արտասանում էր նա,— հազար անգամ ասել եմ այդպես չէ․․․

«Պեպո»-ն Սունդուկյանցի ավետարանն էր, և նրա յուրաքանչյուր պարբերությունը մի պատգամ էր։ Առանձնապես խստապահանջ էր նա Թիֆլիսի բարբառը ճշգրիտ արտասանելու վերաբերմամբ։ Այդ բարբառի