Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս դիմացի պատշգամբ, և նրանց մեջ տեղի էր ունենում լուռ սիրաբանություն։

Սունդուկյանցը չէր թաքցնում իր թուլությունը, ընդհակառակը, երբեմն պարծենում էր նրանով։ Ութսուն տարեկան էր արդեն, երբ մի օր ինձ ասաց.

— Գիտե՞ք, եթե այժմ էլ մի սիրուն կին ինձ ժամադրություն տա, վազելով կգնամ։ Կգնամ, թեկուզ անձրև, ձյուն, կարկուտ, փոթորիկ, երկրաշարժ լինեն։ Այս փուշ աշխարհում ի՞նչն է ավելի անուշ, քան կինը։

Մարդն իր տեսակի Անատոլ Ֆրանս էր...

Սունդուկյանցն ամենից երկարակյաց հայ գրողը եղավ։ Գուցե իր նյութական ապահովության շնորհիվ։ Այդ տեսակետից նա միակն էր հայ գրողների մեջ։ Նա վախճանվեց ութսուն և յոթ տարեկան հասակում, մինչև վերջին վայրկյանը կռվելով ավերիչ ժամանակի դեմ։ Նա իր ձեռով գրեց մի կտակ, որ թաղման օրը տպվեց լրագիրներում։ Նա պատվիրում էր թաղումը կատարել անշուք։ Առանձնապես նա դեմ էր շքեղ դիակառքին։

«Էդ մինձ, մինձ բմբուլներով ձիերն ինձ ջգրեցնում են։ Թող իմ դագաղը գերեզման տանեն չորս ղոչաղ կինտոներ։ Նրանք ծտի նման կթռցնեն ինձ»։

Հետո մի բնորոշ կետ.

«Ես չեմ ուզում, որ ինձ համար արձան կանգնեցնեն. թե ուզում են, թող Պեպոյի վրա արձան դնեն»։

Այդ կտակն ինձ վրա գեշ տպավորություն գործեց։ Սունդուկյանցը սեթևեթում էր...

Թաղման մասնաժողովը կատարեց Սունդուկյանցի կամքը. կինտոները նրա դագաղը իրենց ուսերի վրա տարան Վանքի տաճարը, որի զավթումն է այժմ հանգչում նշանավոր թատերագրի աճյունը։ Բայց Պեպոյի արձանը դեռ չկա։

Սունդուկյանցը իսկական հայ թատերագրության իսկական հիմնադիրն էր. Կարինյանի, Հեքիմյանի, Պեշկիթաշլյանի ազգայնական միտումնավոր փորձերն արժեք չունեն ոչ ըստ բովանդակության, ոչ ըստ ձևի։

Սունդուկյանցի արժեքավոր երկերը Թիֆլիսի բարբառով գրվածներն են և միայն այդ բարբառով են նրանք ունկնդրելի