փախչում էր սարսափով։ Ամեն օր ճաշից հետո ոտքով գնում էր Մուշտայիդ անունով պարտեզը, զբոսնում և ոտքով էլ վերադառնում էր, այսպիսով կատարելով մոտ տասը կիլոմետր ճամփորդություն։ Ամեն ջանք գործ էր դնում իր երբեմնի գեղեցկության դժգույն հետքերը պահպանելու։ Հագնվում էր միշտ խնամքով։ Գլխին գնում էր ձմեռը կամ ցիլինդր, կամ իր մոխրագույն մազերի գույն մի մորթե գդակ, թեք ձևով, այնպես է ինչպես թուրք բեգերը։ Երբեք առանց ձեռնոցների ու չսափրված դուրս չէր գալիս տնից։ Քառասունամյա կոկետուհու չափ սիրում էր... հաճոյախոսություններ իր արտաքինի մասին։ Ծանոթները գիտեին նրա այդ թուլությունը, ուստի հանդիպելիս չէին մոռանում ասել.
— Վահ, Գավրիլ Նիկիտիչ, աչքով չտամ, օրեցօր բացվում ես գարնան թայղուլի պես։
— Դրուստ եք ասո՞ւմ, չէ, գենացվալե, ծերացել եմ,— կոտրատվում էր Սունդուկյանցը ղարաբաղցի <այանի» պես։
Երբ դեռ չգիտեի Սունդուկյանցի այդ թուլությունը, մի անգամ, փողոցում հանդիպելով, ասացի.
— Սրտիդ թող չդիպչի, Գավրիլ Նիկիտիչ, այսօր աչքիս մի քիչ գունատ եք երևում։
Սունդուկյանցը ցնցվեց։
— Վա, լավ է, որ ասացիք՝ սրտիդ չդիպչի, թե չէ շատ պիտի դիպչեր։
Բայց մարդն արդեն վիրավորվել էր։
Այնուհետև նրան հանդիպելիս կամ հույս էի տալիս, կամ ուրիշների նման ես էլ շեշտում էի նրա «ջահելությունն» ու գեղեցկությունը։ Մարդն ինքն իրան խաբում էր և դրանով ապրում, այնինչ անողոք ժամանակը օր-օրի վրա ծռում էր նրա ողնաշարը։
Սունդուկյանցի երկրորդ թուլությունը գեղեցիկ սեռն էր։ Սիրում էր պտտվել քիչ թե շատ սիրուն տիկինների շուրջը, հաճոյախոսել, նույնիսկ հետապնդել։ Մի ժամանակ նա լրջորեն սիրահարվել էր մի հայ տիկնոջ վրա, որ իր հարևանուհին էր։ Երեկոները նստում էր պատշգամբի վրա և թառ նվագում՝ Սայաթ-Նովայի պես երաժշտությամբ արտահայտելով իր սերը։ Տիկինը, թառի ձայնը լսելով, դուրս էր