Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էի այն դերասանին, որ դերը լավ չսերտած բեմ է դուրս եկել ու չգիտե ինչ ասի, և, այնուամենայնիվ, ստիպված է մի բան ասել։

Վերջապես ձերբակալվեցի 1895 թվականի դեկտեմբեր ամսին։ Մաքսիմ Գորկին 1915 թ․ Պետերբուրգից ինձ գրած մի նամակում հիշեցնում էր, թե իր բանտարկության ժամանակ, այն է՝ 1893 թվականին, ես էլ եմ եղել բանտարկված Մետեխի բերդում։ Անկասկած, հարգելի բելլետրիստը սխալվում է. թե իրավ մեր բանտարկությունը եղել է միաժամանակ, ապա ոչ 1893, այլ 1895 թվականին։ Իմ բանտարկության տարին ես լավ եմ հիշում։

«Հեղափոխական» լինելուս միակ փաստը ժանդարմերիայի ձեռքում մի անզդույշ տղայի նամակն էր։ Նա մանկական պարծանքով գրում էր ընկերոջը, թե այսինչ մարդը (այսինքն՝ ես) ուղարկված է Ռուսաստան ամբողջ հայությունը հնչակյան դարձնելու և մի քանի միլիոն ռուբլի ժողովելու առաքելությամբ, և թե շուտով... և այլն և այլն։ Այնինչ ես ոչ մի քաղաքում ոչ մի հնչակյան խումբ չէի կազմել և ոչ, մանավանդ, միլիոններ հանգանակել։

Ինձ պահեցին մեկուսի բանտարկման մեջ երեք ամիս,որից քսան ու մեկ օր Մետեխի բանտում, մնացյալ ժամանակը նահանգական բանտում։

Կյանքումս առաջին անգամ զրկվելով ֆիզիկական ազատությունից, բարոյապես տառապում էի անսահման։ Ինչո՞ւ։ Բանտն ինքնըստինքյան մի սոսկալի բան չէ, էականը բանտարկյալի մտքի գործողությունն է։ Եթե ես ինձ համարեի հեղափոխական, եթե զգայի, որ ձերբակալված եմ մի կարևոր գործի պատճառով, անկասկած, իմ դրությունն իմ աչքում չէր լինի ծիծաղելի, ինչպես էր, այլ, ընդհակառակը, հավանական է, որ ես ուրիշների պես ինքս ինձ հերոսացնեի։ Բայց այլ էր իմ հոգեբանությունը, ես չունեի մի մազաչափ հավակնություն հեղափոխականի քղամիդ հագնելու, որովհետև ըստինքյան ամբողջ հնչակյան կուսակցությունը մի խոշոր բան չէր իմ աչքում...

Մետեխի բերդում ամեն կերպ աշխատում էի որևէ կապ ունենալ Ղազարոս Աղայանի հետ, որի սենյակն իմին դեմ էր,