Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտքի մեջ։ Առհասարակ, ես երևույթների անմիջական տպավորության տակ ոչինչ չեմ գրել և չեմ էլ կարողանում գրել։ «Նամուս»-ը, «Վարդան Ահրումյան»-ը, «Ցավագար»-ը («Չար ոգին») մանկական հիշողությունների արդյունք էին։ Մյուս իմ գրվածքները հեռավոր կամ մոտավոր անցյալի տպավորություններ են։ Երբ որևէ մի կենսական երևույթ կամ դիպված իմ ուշադրությունը գամել է իր վրա, ես թողել եմ նրան իմ հիշողության մեջ։ Եթե որոշ ժամանակի ընթացքում նա չի չքացել իմ մտքից, այլ, ընդհակառակը, ավելի ռելիեֆ է պատկերացել ներկայում, այն ժամանակ միայն ոգևորվել եմ և գրիչ վերցրել։ «Արտիստ»-ի Լևոնին ես տեսել եմ Օդեսայում 1899 թվականին, բայց գրել եմ հինգ տարի հետո Բաքվում։

Թարմ տպավորությունների տակ գրելը գուցե ունի և և իր լավ կողմերը, այդ կարող են ասել նույն եղանակով գրողները, սակայն ինձ թվում է, որ գրողը թարմ ազդեցությամբ կարող է շատ անգամ հափշտակվել երևույթների աննշան մանրամասներով և էականը չզատել երկրորդականից, այսինքն հարատևն անցողականից։ Տարիների հիշողությունը մի տեսակ ձուլարան է, ուր գաղափարն այսպես ասած հալվում է և աստիճանաբար զտվում է ավելորդ տարրերից ու մնում է էականն, այսինքն այն, ինչ որ կարող է դիմանալ ժամանակի մաշիչ զորությանը։

Բաքուն, իհարկե, առաջվանը չէր, շատ բաներ էին փոխվել տասնուհինգ տարվա ընթացքում։ Նավթային արդյունաբերության բարգավաճման հետ քաղաքը կերպարանափոխվել էր։ Առաջվա միհարկանի, կիսախարխուլ տների տեղերում բարձրացել էին երեք-չորս հարկանի հոյակապ շինություններ, փողոցները սալահատակվել էին, ազգաբնակությունը եռապատկվել էր, չուխան փոխվել էր եվրոպական ֆրակի, փափախը՝ ցիլինդրի, չմուշկները, քոշերը՝ փայլուն կոշիկների։ Նախկին նպարավաճառներից, գործակատարներից և սայլապաններից շատերը դարձել էին հանքատերեր և գործարանատերեր։ Արտաքինի հետ փոխվել էր նաև մարդկանց ներքինը։ Հագուստը ազդել էր ճաշակի, մտքի և ամբողջ հոգեբանության վրա։ Ուզում եմ ասել