Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոյացել էր եվրոպական իմաստով բուրժուազիայի առաջին սաղմը։

Նավթային աժիոտաժի ամենաեռանդուն ժամանակն էր։ Արագ հարստանալու տենչը, սպեկուլասիոնի ապականիչ ոգին վարակել էր անխտիր ամենքին, սկսած երեկվա շինականից մինչև համալսարանականը։ Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը։ Այդտեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին բարեկամի դեմ, եղբորը եղբոր դեմ, որդուն հորը դեմ։ Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի տեսակ գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստ են իրարու կոկորդը կրծոտել։ Չկար մի շրջան, մի անկյուն, որ մարդ կարողանար կես ժամ ազատ շունչ քաշել և չլսեր միևնույն երգը․ «Ես իմ զայավկան ծախեցի հարյուր հազարով, իմ նոմեր քսաներորդը տալիս է օրական տասը հազար. ֆանտանը, Ռամանի, Բիբի-Հեյբաթ, Բինազատի» և այլն և այլն։ նույնիսկ կանայք անմասն չէին այդ վակխանալիային։ Իսկ այսպես կոչված ինտելիգենցիան, այդ ինժեներները, բժիշկները, իրավաբանները, ճարտարապետները, ուսուցիչները, ամենքը, ամենքը վարակվել էին ընդհանուր ախտով։ Եվ ամենից զազրելին նրանք էին, որոնք իրենց գիշակերային բնազդն աշխատում էին եկվորի առջև քողարկել առաքինության ֆրազներով, կարծելով, որ եկվորը չի կարող տեսնել որսորդական բարակների պտույտները ասպարեզի տերերի շուրջը։

Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր։ Երբ շուրջն ամենքը հարբած են, մթնոլորտը տոգորված է ալքոհոլով, այնտեղ արթուններն էլ կարող են հարբել առանց խմելու։ Եղան վայրկյաններ, երբ զգում էի, որ գլուխս պտտվում է, մուխը իմ աչքերը մթնեցնում է։ Եվ հավանական է, որ հոսանքն ինձ էլ կլաներ իր մեջ, եթե ժամանակին չարթնանար իմ սրբազան բնազդը, այն փրկարար ոգին, որ իմ միակ