Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞վ ասաց քեզ, որ սպասվում են,— հարցրեց Խատիսյանը, իբր թե ամեն բանի տեղյակ և ամեն ինչ նախատեսող մարդու հեգնանքով։

— Այդ կարևոր չէ, ես քեզ հավատացնում եմ, որ երկու ազգություններն ընդհարվելու են։ Ցանկալի է գիտնալ, արդյոք միջոցներ ձեռնարկու՞մ եք եղբայրասպան արյունահեղության առաջն առնելու համար։

Այսօրվա պես հիշում եմ Կոստանդին Խատիսյանի տգեղ ժեստը։ Նա մի ոտը բարձրացրեց և, ձեռքը զարկելով կոշկի կրունկին, ասաց ռուսերեն լեզվով.

— Թուրքե՞րը, ահա թուրքերը... մենք նրանց հաղթել ենք կուլտուրապես, կհաղթենք և ֆիզիկապես...

Ինձ համար մի այդպիսի դարձված անսպասելի էր։

— Խատիսյան,— ասացի ես, հազիվ վրդովմունքս զսպելով,— նախ և առաջ խոսելու այդ ձևը քեզ չի սազում։ Ապա շատ մի պարծենալ մեր կուլտուրական հաղթությամբ, որ ինձ համար դեռ կասկածելի է։ Այսպես թե այնպես, պարտք եմ համարում զգուշացնել. քանի ուշ չէ, պետք է միջոցներ ձեռնարկեք եղբայրասպան կռվի առաջն առնելու համար։

Խատիսյանն արհամարհանքով ժպտաց ու ասաց.

— Ո՛չ մի նախազգուշացման կարիք չունենք, մենք գիտենք մեր անելիքը։

— Այո,— գոչեցի ես վրդովված,— երկու ռումբ շինել և պատերազմ հայտարարել սուլթան Համիդի զորքերին։

Ես ակնարկում էի Խատիսյանի անցյալը, երբ նա Թիֆլիսում իրանց պարտիզում ռումբ էր շինում Տաճկաստանը կործանելու համար։

Ես ավելորդ համարեցի վիճաբանել այդ մարդու հետ և հեռացա։

Հետևյալ օրը դիմեցի իմ համերկրացի բժիշկ Թադևոս Զաքարյանին, որ իր մտավոր զարգացումով անհամեմատ բարձր էր Խատիսյանից, չունենալով նրա լեզվի ճարպկությունն ու հանդգնությունը։

— Այո,— ասաց բժիշկը,— դու ունես իրավունք, մեր