Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխի վրա դամոկլյան թուր է կախված, ես այդ տեսնում և զգում եմ։ Բայց ի՞նչ պետք է անել քո կարծիքով։

— Ես ինքս չգիտեմ, բայց մի բան առայժմ անհրաժեշտ է անել՝ դիմել թուրք ինտելիգենցիային և նրա հետ խորհրդակցել։ Ես առաջարկում եմ քեզ և քո ընկերներին՝ հրավիրել երկու կողմի ներկայացուցիչներից մի խառը ժողով։

— Այդ ես չեմ կարող անել և ոչ էլ որևէ մեկն իմ ընկերներից։

— Ինչու՞։

— Որովհետև թուրք ինտելիգենցիան դեպի մեզ վերաբերվում է թերահավատությամբ, և չպիտի թաքցնել, որ մենք էլ չենք հավատում նրա անկեղծությանը։ Բայց, այսպես թե այնպես, իրարու հանդիպելը ես անհրաժեշտ եմ համարում։ Ավելի լավ է, որ գործը դու ձեռնարկես։ Դու դրսից եկած մարդ ես, թուրքերը քո անունը ճանաչում են և ավելի կհավատան քեզ։

— Շատ բարի, ես ինձ վրա եմ վերցնում այդ դժվար պարտականությունը, բայց ու՞մ ես խորհուրդ տալիս դիմելու։

— Քեզ համար, իբրև գրողի, հարմարագույնն է դիմել «Каспий» լրագրի խմբագիր Ալիմարդան-բեգ Թոփչիբաշեվին կամ նրա գլխավոր աշխատակից հրապարակախոս Ահմեդ-բեգ Աղաևին։

— Բայց ես ծանոթ չեմ նրա հետ։

— Այդ նշանակություն չունի, անշուշտ, նրանք քեզ ճանաչում են անունով։

Այդ ժամանակ դեռ մուսավաթի անունը չկար ասպարեզում։ Գոնե ես չէի լսել։ Որքան հիշում եմ, այդ թուրք ազգայնական կուսակցությունը կազմվեց հայ-թուրքական կոտորածների ժամանակ կամ մի քիչ հետո։

Ես անմիջապես կառք վերցրի և գնացի Աղաևի բնակարանը։

Երբ ես մտա նրա մոտ, առաջին խոսքը եղավ.

— Կոլեգա Շիրվանզադե, դուք առաջին հայն եք, որ ոտք եք դնում իմ տունը։ Շատ ուրախ եմ, որ բարեհաճել եք գալ, և պատրաստ եմ ծառայելու ինչով կամենաք։ Կարիք չկար երկարացնելու. ես մի քանի խոսքերով