Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արցունքով, մի վայրկյան գլուխս պտտվեց, և գուցե ինձ ծովը նետեի, եթե լինեի բավականաչափ քաջ և բավականաչափ հիմար։

Պետք է վերջապես մի գործ գտնել։ Այս հույսով ամեն օր գնում էի մորեղբորս մոտ։ Ոչ նրա տունը, այլ արհեստանոց, որովհետև նրա կինը մի անբարեհամբույր արարած էր նա չէր սիրում իր մարդու ազգականներին, և ինքն էլ սիրված չէր նրանցից։

Արհեստանոցը գտնվում էր ծովափի մոտ, մի կիսախարխուլ քարվանսարայի նեղ անցքի մեջ։ Այնտեղ ես ծալապատիկ նստում էի մինդարի վրա, չմուշկներս դնելով քովըս, ինչպես մի պարսիկ դեղավաճառ։ Ես անտարբեր դիտում էի խանութներն ու անցորդներին։ Երբեմն նիրհում էի, որպես վայել է անգործ արևելցուն։

Մի զվարթ և կատակասեր մարդ էր քեռիս։ Փիլիսոփա էր, ինչպես առհասարակ բոլոր դերձակները, բայց ոչ հոռետես, չնայելով կնոջ հետ ունեցած ամենօրյա ընդհարումներին։ Հիշում եմ նրա կարճլիկ ու հաստ բեղերը, ժպտուն շրունքները, լիք-լիք կարմրախայտ այտերը և հեգնանքով լի սևորակ աչքերը։ Նա գիտեր ծաղրել և՛ մարդկանց, և՛ կյանքը։ Եվ հաճախ նրա անփույթ ձևով արտասանած խոսքերը նույնքան սուր էին, որքան նրա ասեղի ծայրը, և թունավոր, բայց ոչ չարամիտ։

Նա սիրում էր հաճախ իր բարեկամների հետ բաժակ-բաժակի զարկել և երգել «Բաժակներ առնունք, եղբայր» կամ «Ի ննջմանե» ոչ հանուն ամենազոր Բաքոսի, այլ չոր ու ցամաք Բաքվում Շամախու ծաղկավետ հովիտները և սառնորակ աղբյուրները հիշելու համար։ Տանը նա հյուրեր չէր ընդունում, դարձյալ իր անհյուրընկալ կողակցի շնորհիվ։ Եվ ինքն էլ ոչ մի ընտանեկան հյուրասիրություն չէր ընդունում։

Մի բան, որ ես առանձնապես սիրում էի այդ գեր ու կենսախինդ մարդու մեջ, այն էր, որ երբեք ինձ խրատներ չէր տալիս։ Այդ ինձ համար մի հազվագյուտ շնորհ էր, վասնզի ամեն ոք, որ ճանաչում էր հորս, սրբազան պարտականություն էր համարում գլխիս ավետարան կարդալու, նույնիսկ նշանավոր կոնծաբան Մուշկենց Ալեքսանը։