Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նավամատույցները, դիտում էի լայնատարած ծովը և նրա վրա սփռած անթիվ նավերն ու նավակները։ Ամեն ինչ ինձ համար նոր էր, տարօրինակ, գրավիչ և ինչպես մի երազ։ Նայում էի մեղմիկ սահող մակույկներին, որ կարապների պես լուռ ու մունջ լողում էին դես ու դեն։ Նայում էի հեռացող նավերի փքված առագաստներին, և նրանք ինձ հիշեցնում էին ծննդավայրիս թևատարած ուրուրները ջինջ երկնքի վրա։ Եվ իմ մտքերը սլանում էին հեռու ու հեռու, անծանոթ երկրներ, ուր մարդիկ մանուկ հասակում մարդկային արյուն չեն տեսնում և ոչ Էլ իրանց մերձավորների տառապանքներն ու մահը, ուր ամենքը հավասար երջանիկ են։ Պատանեկան մոլի երազնե՜ր, որ ապագայում պիտի անողոքաբար խորտակվեին։

Ես նախանձում էի ամենքին, ով գնում էր այդ նավերով, մանավանդ շոգենավերով։ Ինձ թվում էր, որ գնացողները խղճում են մնացողներին, որպես բախտից գրկվածներին, որոնց թվումն էի և ես։ Ես նախանձում էի անգամ նավերի աշխատավորներին, որոնց նավթոտ ու մրոտ բազուկները փայլփլում էին կեղտոտ տախտակամածների վրա, և որոնց լայն թիկունքին անամոթաբար ժպտում էր գերմարդկային աշխատանքը, որպես անողոք բռնակալ։ Ի՜նչ փույթ, որ նրանք տնքում են իրենց ծանր լծի տակ. չէ՞ որ նրանց համար է ստեղծված այդ լայնածավալ ծովն իր խորհրդավորությամբ հեռավոր երկրների գեղեցկությամբ։ Իսկ այդ անթիվ ու անհամար ճայերի տարմերը, որ կարկաչելով թառ են լինում նավերի խաչաձև կայմերի վրա, մի՞թե ավելի բախտավոր չեն, քան ես։

Մի օր մի խումբ աշակերտներ ռեալական դպրոցի համազգեստով շոգենավով գնում էին չգիտեմ ուր։ Ես կանգնած էի նավամատույցի ծայրում և նայում էի, թե ինչպես նավի հեռանալով խարիսխը կամաց-կամաց դուրս էր գալիս ծովից։ Երբ երկաթե շղթան վիթխարի օձի պես փաթաթվեց նավի կտուցին, աշակերտներն սկսեցին խմբովին երգել։ Բոլորն էլ իմ տարիքի պատանիներ էին, բոլորն ուրախ, իսկ ես նրանց հասակում արդեն կյանքի հոգսերով ծանրաբեռնված։ Սիրտս թնդաց, աչքերս լեցվեցին