ամենուրեք նույն տեսարանը։ Մի քանի թուրքեր զինված են ռևոլվերներով և ինձ վրա ազդելու համար աշխատում են, որ ես տեսնեմ նրանց զենքը։
Մզկիթի մոտ հանդիպեցինք թաղային ոստիկանապետին։ Հայտնի պրովակատոր և կատաղի հայատյաց Գլեբովն էր։ Վաղուց էի ճանաչում այդ զազրելի տիպին, որի ճակնդեղի պես կարմիր երեսը և լկտի աչքերը միայն բավական էին գուշակելոլ համար, թե ինչ գարշելի հոգի է նստած նրա մեջ։
Նա երկու ոստիկանների ինչ-որ հրամաններ էր տալիս։
— Բարի երեկո, ի՞նչ եք անում այստեղ գիշերվա այս ժամին, հարցրեց ինձ Գլեբովն իր ամրակազմ և կոպիտ մարմնով ճանապարհս կտրելով։
— Բարեկամիս հետ գիշերային զբոսանք եմ կատարում, պատասխանեցի ես։
— Իսկ եթե ես ձեզ ձերբակալեմ։
— Ի՞նչ իրավունքով։
— Ինձ տրված հրահանգով։ Ես հրաման ունեմ այս գիշեր ոչ մի հայի թույլ չտալ թուրքերի թաղը մտնելու։
Նա հարբած էր, թեև իր ծուռ ոտների վրա ամուր էր արջի պես։
— Որպես հաշտարար հանձնաժողովի անդամներ, մենք իրավունք անցնել որ թաղով ևս կամենանք,— ասաց Մելիք-Ասլանովը։
— Ձեր հայերն ինձ մեղադրում են, թե ես թուրքերին զենք եմ բաժանում կառավարության կողմից,— շարունակեց Գլեբովը, միշտ ինձ դիմելով,— ասացեք նրանց, որ եթե կառավարությունը կամենա, կարող է հայերին կոտորիլ առանց թուրքերի օգնության էլ.․. Այդպես չէ՞, Մելիք-Ասլանով։
Ես ասացի, թե այդ ինձ չի վերաբերում, թե՝ եթե ինքն իրան զրպարտված է համարում, միշտ կարող է իրան արդարացնել։
- Իսկ առայժմ ճանապարհս մի կտրեք, ապա թե ոչ վաղը նահանգապետին կգանգատվեմ ձեր դեմ։
— Անցեք,— ասաց Գլեբովը և հեռացավ։