Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես համոզված էի, որ եթե մենակ լինեի, ետևիցս պիտի կրակեր և հետո ասեր, թե թուրքերն են սպանել։

Մինչև ուշ գիշեր պտտեցինք խանութից խանութ, տնից տուն. փողոցներն ամայի էին և սարսափեցուցիչ տպավորություն էին գործում։ Տեղ-տեղ երևում էին գիշերապահներն՝ ահագին կոպալներով զինված։ Ակամա առաքելությունն ինձ ձանձրացրել էր, հոգնել էի միևնույն երգն ամեն տեղ կըրկնելուց։

— Այժմ գնանք գլխավորի մոտ,— ասաց Մելիք-Ասլանովը։

— Ո՞վ է գլխավորը։

— Հաշտարար հանձնաժողովի անդամ Եդիգարովը։

Այսօրվա լուրը նա է տարածել որոշ նպատակով։ Համենայն դեպս անհրաժեշտ է նրան էլ տեսնել։ Անցնելով մի քանի ծուռումուռ փողոցներ, կանգ առանք մի համեմատաբար մաքուր տան առջև։ Զանգակի ձայնին դուրս եկավ մի թուրք ծառա մի վառ մոմ ձեռում և նայեց մեզ ոտքից գլուխ։

— Ես եմ, Սուլեյման, մի վախենար,— ասաց Մելիք-Ասլանովը։

Մտանք մի նեղ անցք, այնտեղից մի բավական մեծ սենյակ, որի հատակն ու բոլոր պատերը ծածկված էին պարսկական գորգերով։ Մի պատի տակ մետաքսյա բարձերով զարդարված թախտի վրա նստած էր քառասուն տարեկան մի տղամարդ ռուս զինվորականի համազգեստով և նարգիլե էր ծխում։ Նրա բաճկոնի կոճակները բաց էին. երևում էր ճերմակ շապկի աղտոտությունը։ Հեռու, մյուս պատի առջև կանգնած էին երկու զինված թուրքեր, աջ ձեռը հենած դաշույնի կոթին իրենց մեծավորի հրամանները կատարելու պատրաստակամությամբ։

Զինվորականի համազգեստով մարդը, որ ինքը Եդիգարովն էր, մեր բարևին պատասխանեց գլխի շարժումով, առանց իր դիրքը փոխելու և ձեռով նշան արավ, որ նստենք։ Այս աղայական ձևն ինձ ամենևին չշփոթեցրեց։ Մարդը բեգ էր, ուզում էր իր մեծությունը ցույց տալ ոչ այնքան մեզ,