Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թիֆլիսի կամ Բաքվի փողոցներում։ Համենայն դեպս, ոչ այն, ինչ որ կարող է կրթել նրանց ճաշակը և նրրացնել նրանց միտքը։

Երբ բացվեցին Փարիզի երկու հռչակավոր սալոնների աշնանային ցուցահանդեսները, գնացի տեսնելու։ Վերնիսաժի օրն էր։ Ինձ ուղեկցում էր անդրիագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը, Խաչատուր Աբովյանի արձանի հեղինակը, որ այնպես վաղաժամ մահացավ թոքախտից կամ, ճիշտն ասած, անոթությունից։ Դժբախտ մարդ, որպիսի՜ տառապանքներ ու զրկանքներ կրեց նա հանուն գեղարվեստի և հանուն անհաղթելի փափագի` մի նեղ ուղի բանալ իր համար արվեստների մայրաքաղաքում և կյանքի քաոսում։

Երբ մտա սալոններից չեմ հիշում որի արձանների գալերեան, մի գործ առաջին իսկ հայացք շշմեցրեց ինձ. և ես մի քանի վայրկյան մնացի բևեռված իմ տեղը։ Դեմուդեմ մեջքի կողմով կանգնած էր մի վիթխարի մարդ առանց գլխի։ Օգյուստ Ռոդենի վերջին գործն էր I Homme qui marche (Մարդ, որ ընթանում է, կամ Ընթացող մարդը)։ Նրա բոբիկ ոտների խոշոր ջլերը ձգվել էին երկաթյա լարերի պես, նրա մարմնի բոլոր մասերը ֆիզիկական զորության գերբնական թափն էին արտահայտում։ Թվում էր, որ մարդը կանգնած չէ, այլ իրավ ընթանում է, և այդ դեպքում գլուխն արդարև ավելորդ է։

Ես առաջ էլ տեսել էի հանճարեղ ծերունու ստեղծագործությունները: Լյուքսեմբուրդ թանգարանում դիտել էի նրա հուզիչ «Համբույր»-ը, «Վիկտոր Հյուգո»-ն իր հանճարեղ ու բարեհամբույր դեմքով և Պանթեոնի կուրծքը լուսավորող հոյակապ le Penseur-ը (Մտածող, խորհող)։ Բայց այդ գործերից ոչ մեկն ինձ վրա այն զորեղ տպավորությունը չէր գործել, որպիսին գործեց «Ընթացող մարդը»։ Իմ ազդվումն այնչափ խորն եղավ, որ ես մի քանի անգամ վերադարձա նորեն ու նորեն դիտելու ու սքանչանալու։ Հետագայում, երբ մի քանի անգամ այցելեցի մեծ վարպետի արհեստանոցները, տեսա նրա ոչ պակաս ընտիր գործերը, դարձյալ այդ գործն էր, որ մնաց գերազանց իմ հիշողության մեջ։

— Գիտեք,— դարձավ ինձ Տեր-Մարուքյանը, տեսնելով