Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի օր մորեղբայրս հեգնանքով հարցրեց.

— Հը, ի՞նչ է ասում Կարկուտը, տեղ գտա՞վ քեզ համար նավի վրա։

Ես ամաչեցի, որ բանակցությունս Գասպարի հետ քեռուցս թաքցրել էի։

— Դու գիտես քո գործը,— ինձանից պատասխան չստանալով շարունակեց քեռիս և գլուխը թեքեց կրծքին,— բայց իմացիր, որ Կարկուտը մի քիչ փչող է։

Ես վշտացա, որովհետև իմ հավատը դեպի Կարկուտը շատ մեծ էր։ Մի օր նրա հեղինակությունը շատ բարձրացավ իմ աչքում, երբ տեսա նրան երկու նավաստիների հետ մտերմաբար զրույց անելիս։ Բայց, ավաղ, հետևյալ օրն իսկ այդ հեղինակությունը բավական նսեմացավ։ Պատմեմ եղելությունը։ Ես անցնում էի ծովափով, միշտ երազելով ինձ ծովի վրա, միշտ երևակայությամբ սլանալով անծանոթ աշխարհներ։ Հանդիպեցի Կարկուտ Գասպարին։ Կռնատակին երկու հատ ապխտած ձուկ դրած գնում էր տուն։ Ես մոտեցա նրան և, հարկավ, նորեն խոսք բաց արի պաշտոնի մասին։ Խնամատարս ասաց,

— Մի քիչ էլ համբերիր, մի քիչ էլ, էսօր էգուց «Ցեսարևիչ»-ի վրա տեղ է բացվելու, շատ լավ տեղ, ամիսը հարյուր ռուբլի։

Եվ սկսեց նկարագրել իմ մոտակա վիճակն այնպիսի փայլուն գույներով, որ ես արդեն երջանիկ զգացի ինձ և պատրաստ էի համբուրել նրա մշտապես խճճված մորուքը։ Ապա ինձնից անմիջապես իրան անցավ և սկսեց թվել իր զորավոր կապերը ծովային մեծամեծների հետ։ Նրա ասելով՝ ոչ մի նավավար չի կարող համարձակվել նրա խնդիրը մերժելու, իսկ եթե մերժե, այն ժամանակ... Այստեղ Կարկուտ Գասպարը աչքերը փակեց, թշերն ուռցրեց և բեղերի տակից արձակեց մի երկարատև «փուռռ»։

Այդ միջոցին մեր դեմուդեմը երևաց հարբած նավաստիների մի խումբ, որ երգելով, պարելով և «գարմոն» ածելով առաջ էր գալիս։ Ես նկատեցի, որ Կարկուտ Գասպարն ուզում է ծլկվել, բայց չեղավ։ Նավաստիներն անմիջապես շրջապատեցին նրան և սկսեցին հետը կատակներ անել,