սկզբում անմեղ, հետո ավելի ու ավելի անվայել։ Բանն այնտեղ հասավ, որ մեկը բարձրացավ խնամատարիս ուսերը և նստեց նրա պարանոցի վրա ձիավորի պես։ Գասպարը կմշտեց նրա մարմնի նուրբ մասը, ուսերը թափահարեց և վար գցեց նրան։ Մի ուրիշը խլեց նրա կռնատակից «քյությումը» և սկսեց կրծոտել։ Մի երրորդը կռնակի կողմից իր գլուխը մտցրեց նրա ոտների արանքը և բարձրացրեց նրան իր պարանոցի վրա։
Ես շատ զարմացա։ Բարեկամս ոչ միայն չէր վիրավորվում այդ կոպիտ կատակներից, այլև, կարծես, սիրում էր։
Երբ նավաստիները, վերջապես, հեռացան, խնամատարս ասաց.
— Տեսա՞ր, ինչպես են սիրում ինձ, տեսա՞ր։ Թե հրամայեմ ծովը ընկնել, կընկնեն։
Ես բաժանվեցի նրանից բավական անախորժ տպավորության տակ։ Ծանր էր ինձ համար տեսնել այդպես ծաղրված մի մարդու, որին ուժ էի համարում, և որն այնքան պատրաստակամ հանձն էր առել իմ խնամատարը լինելու։
Բայց և այնպես հավատը դեպի Կարկուտ Գասպարր չմեռավ իմ մեջ։ Շուտով ինքս ինձ մխիթարեցի, նավաստիների անվայել վարմունքը վերագրելով նրանց հարբած դրությանը։
Շաբաթվա վեց օրերը Կարկուտ Գասպարը հագնվում էր շատ հասարակ, նույնիսկ կեղտոտ։ Նրա սև ֆուրաժկան այնքան յուղոտ էր, որ փայլում էր սափրիչի կաշվե սրոցի պես, նրա արխալուղի և պիջակի կուրծքն ու փեշերը ծածկված էին խեժի և ներկերի անթիվ բծերով, իսկ կապտագույն վարտիքի գզգզված եզրերի տակից երևում էին հնամաշ կոշիկների միջից դուրս ցցված բրդյա գուլպաները։
Այլ մարդ էր նա կիրակիները։ Այդ օրերը նա աղա էր, այն ժամանակվա կատարյալ իմաստով։ Նա ուներ՝ չգիտեմ՝ գայլի թե արջի մորթուց կարած մի մեծ մուշտակ, որի երկայն կինամոնագույն մազերը ծածկում էին նրա կուրծքը փառավորապես, և նույն մորթուց կարած մի վիթխարի