երկրի, ամեն ցեղի, ամեն գույնի ու հասակի կանանց այդ խառնիճաղանջ և երանգավոր բազմությունը, որին անշուշտ անոթությունն է բերել թափել այդ թեթևակի վարագուրված պոռնկատունը։ Միջավայրը ոչ այնքան եղկելի է, որքան կարեկցելի։ Օդը տոգորված է էժանագին անուշահոտ յուղերի բուրմունքով, ծխախոտի թանձր ծխով, կիսամերկ մարմինների շոգիով ու հոտով։ Մերթ ընդ մերթ ընդհանուր ծիծաղի ու քրքիջների միջից ուշադիր լսելիքը որսում էր խուլ հառաչանքներ, երբեմն նույնիսկ հեծկլտանք։ Ո՞վ գիտե դա որ «սիրականից» խաբված կամ կողոպտված էակի հոգու խռովահույզ ճիչն է․․․
Ինձ մոտենում է մի շատ բարձրահասակ և շատ գեղեցիկ կին պղնձագույն մորթով և թանձր ու սև մազերով. կատարյալ մի Կլեոպատրա։ Անշուշտ արևելցի է։ Նա ինձնից ծխախոտ է խնդրում։ Տալիս եմ, ասում է «մերսի» և չի հեռանում։ Նա իր փարթամ ու հոտավետ ստինքը ցցել է ուղիղ դեմքիս ու ժպտում է։ Ես չեմ ժպտում, նա բարձրաձայն ծիծաղում է։ Եվ ի՞նչ ծիծաղ, ի՞նչ ձայնով, ուղղակի ջարդված զանգ, սուր ու գրգռիչ։ Անշուշտ նա գիտեր, իր գլխավոր հմայքը այդ չէ և ոչ էլ գեղեցկությունը, այլ մարմնի պղնձյագույնը, վասնզի նա դրանով է տարբերվում հազարավորներից։
Ո՞րտեղից է նա եկել կամ բերվել։ Գուցե Մարոկկոյից կամ Ալժիրիայից, համենայն դեպս նա եվրոպուհի չէ։ Տասնուհինգ տարի անցած ես այդ տեսակ գեղեցկուհիներ միայն Եգիպտոսում տեսա...
Տարօրինակ բան, այդ աղջիկը ինձ փոխանակ համակրանքի կամ կարեկցության, երկյուղ է ներշնչում։ Թվում է ինձ, որ այդ զարմանալի կանոնավոր կառուցված մարմնի մեջ բուն է գրել արևելյան նենգությունը։ Թվում է ինձ, որ ստվերի մեջ կանգնած է նրա դաժան հովանավորը, մի ապաշ կամ «սուտընեոր», դանակը սրած։ Ընդունիր նրա առաջարկած հյուրընկալությունը՝ գնալ նրա սենյակը, «մի գավաթ սուրճ խմելու», և դու արդեն կորած ես։ Այնտեղ դու կմորթվես կողոպտվելու համար։ Չէ՞ որ լրագիրները օր չի անցնում, որ չհաղորդեն նման դեպքեր։