Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես շտապում եմ հեռանալ գեղեցկուհուց առանց մի բառ արտասանելու։ Ինձ ուղեկցում է նրա սևաթույր աչքերի կայծակը ու կատաղի հայացքը, կարծես ես նրան կողոպտեցի։

Ներկայացումը սկսվել էր. բազմությունը ճեղքելով, մոտենում եմ Սոմիկոյին։ Բարեկամս արդեն երջանկության գագաթումն է։ Նա սեղանի վրա ձգել է տասնյակ ոսկիներ, վերցրել է անթիվ ծաղիկներ և մեկիկ-մեկիկ ձգում է անցնող աղջիկների վրա։ Նա հմայված է, որ հետաքրքրություն է շարժել, որ նրան ամեն կողմից շրջապատել են և բարձրաձայն ծիծաղում ու քրքջում են։ Ոմանք փաթաթվում են նրա պարանոցին և համբուրում են։ Իսկ ծաղկավաճառը, ոսկիները գրպանը ձգելով, հրճվում է։ Վաղը նա այդ բոլորը կպատմե իր ընկերուհիներին, և ամենքը կքրքջան և օտարականի մասին կասեն. «Ահա մի իսկական տխմար»։

Ես թողեցի Սոմիկոյին իր դրախտային վայելքի մեջ, մտա սրահ ու նստեցի մեր օթյակում։ Շատ չանցած նա եկավ երկու մաշված ու տաշված գեղեցկուհիների ուղեկցությամբ, երկուսի հետ էլ թևանցուկ։

— Մեկը քեզ, մյուսն ինձ,— ասաց նա հաղթական եղանակով։

— Շնորհակալ եմ, երկուսն էլ քեզ։

Նա վշտացավ։ Ես հետաքրքրվեցի գիտենալ, ինչպես բաժանվեց ծաղկավաճառից։

— Այցետոմսս տվեցի, վաղը կգա ինձ մոտ։

Վերջապես, մի շարք ելույթներից հետո, բեմ դուրս եկան «կոկոնները»։

Սոմիկոն իր դամերին մոռացավ և, կռնակը նրանց դարձնելով, սկսեց ուշադիր դիտել պարուհիներին, այնպես, ինչպես ձիասերն է դիտում արշավի ելած անծանոթ նժույգներին։ Անգլուհիները, իհարկե, կոկոններ չէին, բայց պարում էին հիանայի, հակառակ այն ընդհանրացած կարծիքին, թե անգլոսաքսոնյան ցեղի կանայք առհասարակ համրաշարժ են և չունեն ֆրանսուհու կամ իտալուհոլ թեթևությունն ու ճկունությունը։

Սակայն Սոմիկոն չհավանեց պարուհիներին։