Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե ինչու էի խայտառակում, չգիտեի, բայց զգում էի, որ հոգու խորքում նա շատ գոհ է, որ ես չեմ ծանրանում նրա քսակի վրա։\

Ես հոգեպես հոգնել էի։ Առհասարակ Փարիզի գիշերային ռեստորաններում ես մի առանձին հաճույք չէի զգում, նույնիսկ ձանձրանում էի, ինձ ղեկավարողը միայն ծանոթանալու և դիտելու անհագ սովորությունն էր։

IV

ԲՈՐՈՏՆԵՐԸ: ՓԱՐԻԶԻ ՈՐՈՎԱՅՆԸ

Երբ մենք դուրս եկանք «Սատկած առնետ»-ից, Մոնմարտրը դեռ եռուզեռի մեջ էր։ Կառքերն ու օթոմոբիլները շարան-շարան կանգնած էին բյուրավոր գույնզգույն լապտերներով ու վենետիկյան ճրագներով լուսավորված կաբարեների, ռեստորանների, դանսինգների այլ բազմատեսակ զվարճարանների առջև։ Ցիլինդրավոր կոշեները և «կեպի» դրած ու մորթե վերարկու հագած շոֆերներն իրենց ցրտահար ձեռները տաքացնում էին այս ու այնտեղ վառվող խարույկների կամ շագանակ բովողների մոտ, ոտները թաց գետնին զարկելով և աջ ու ձախ երերվելով։ Կրակի արյունագույն ճաճանչները փայլեցնում էին նրանց կարմրակապույտ երեսները, որոնք իրենց արտաքին նախանձելի երևույթի տակ ով գիտե ինչ հիվանդություններ էին թաքցնում։ Շատերը մտել էին «Բիստրոները (փոքրիկ կաֆե) և այնտեղ էին ջերմանում էժանագին աբսենտի, ամպերիկոնի, վիսկիի, Դյուբոնեի և այլ ըմպելիքների ալկոհոլով։ Ոմանց գլուխն արդեն տաքացել էր։ Նրանք մտերմաբար կատակաբանում էին հարյուրավոր գիշերային թռչնիկների հետ միայն իրենց հասկանալի ժարգոնով։ Ոչ ոքի այնչափ հայտնի չէ այդ լքված և արհամարհված էակների կյանքի ողբերգական պատմությունը, որքան նրանց։ Յուրաքանչյուրը նրանցից կարող է հետաքրքրվողին պատմել մանրամասնորեն, թե այս կամ այն թշվառը ինչ պատճառներով և ինչպես է ընկել այդ դրության