Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ։ Կա՞ արդյոք նրանց հոգու մեջ որևէ կարեկցություն դեպի այդ թշվառները։ Ըստ երևույթին — այո, որովհետև նրանց արտաքին կոպտության ներքո դիտող աչքը նշմարում էր մարդկային հոգուն հատուկ ներողամտությունը։

Ա՜հ, այդ հարյուրավոր ու հազարավորները։ Նրանք են Փարիզի ամենից անհանգիստ, ամենից ժիր ու հուզումնալի տարրը։ Միևնույն ժամանակ նրանք են ամենից հնարագետը և ամեն բանից էժանը։ Մոնմարտրում նրանց տեղը Բիստրոներն են ու փողոցները։ Թանկագին կաբարեների և ֆեշենեբել ռեստորանների դռները փակ են նրանց առջև և եթե փորձեն մտնել այնտեղ առանց տղամարդու ուղեկցությամբ, դռնապանը թույլ չի տալ, որովհետև պճրանքով չեն հագնված։ Նրանք դեկոլտե չեն, թատրոնից կամ օպերայից չեն գալիս, նրանք հայտնի են ռեստորանի ամենավերջին սպասովորին, և պատրոնը թույլ չի տա, որ իր հռչակավոր «հաստատության» վարկը նսեմանա։ Նրանք իրենց ընթացիկ գիշերվա «երջանկությունը» կարող են որսալ կաբարեների և այդ ռեստորանների առջև։ Աշխարհից չքված և մարդկանցից արհամարհված մուրացիկներ են։ Նրանք պետք է կերակրվեն շռայլության և զեխության աստվածուհու ճոխ սեղանի փշրանքներով։ Մի տեսակ խոցավորներ են կյանքից վռնդված, ինչպես բորոտները Պարսկաստանի մեծ ճանապարհների եզրերում։ Բուրժուազիայի առօրյա ապականության, կեղտերի ու ոճիրների զոհերն են, նույն բուրժուազիայից հալածված։ Սակայն այդ փողոցային թշվառները շատ լավ են ճանաչում այնտեղ, բարձրում, այդ լուսավառ ու ծաղկազարդ դահլիճների տաքության մեջ զվարճացողներին։ Գիտեն, որ այդ ցիլինդրավոր ու ֆռակավոր գործարանատերերի, վաճառականների, բանկային դիրեկտորների, բորսային գիշատիչների կամ նապաստակների, rastaguouere-ների[1] ու հազար ու մի անուն կրող ոճրագործների մեջ կան և այնպիսիները, որոնք իրենց հարստության վերջին լուիդորներն են շռայլում։ Գիտեն, որ այդ բարոյապես վաղուց, շատ վաղուց, իսկ նյութապես

  1. Rastaguouere կոչվում է այն մարդը, որ շռայլ կյանք է վարում և հայտնի չէ ինչ աղբյուրից է դրամ ստանում։