Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և օթոմոբիլների երթևեկը, քաղաքի բոլոր շրջակայքից սկսվում է բեռնակիր սայլերի անընդհատ թափորը, Կատարյալ թափոր-հանդիսավոր, տարտամ, լուռ, որպես գիշերային ուրվականների մի երթ մթության մեջ։ Ժամանակներ են գլերվել, սերունդներ են փոխանակվել, բայց այդ հնադարյան, կոպտաշեն միաձի սայլերի միապաղաղ ընթացքւ չի փոխվել։ Նա մնացել է նույնը, ինչ որ եղել է Նապոլեոնների և Բուրբոնների օրերում, նույնիսկ նորամույծ ինքնաշարժների, այդ ահռելի հրեշների աղմկալի ու միշտ սպառնալի արադությունը մազաչափ չի ազդել նրանց դանդաղության վրա։ Եվ քնահարբ սայլապանները, ձիերի սանձը թուլացրած, անշարժ ու անդորր նիրհում են գետնախնձորի, ցորենի ու գարու տոպրակների, կաղամբի, բողկի, ճակնդեղի, պռասի, կոտեմի և այլ ու այլ բանջարեղենի ճերմակ, կարմիր ու կանաչ խուրձերի մեջ, այնպես որ շատ անգամ նրանց չես տեսնում և կարծում ես, որ ձիերն ընթանում են ինքնաբերաբար, ըստ ավանդական սովորության, ինչպես առմիշտ մարզված և մի անգամ լարված մանեկեններ։ Ով գեթ մի անգամ ամառը կամ աշնան ուշ գիշերին զբոսնել է Սեն-Միշել բուլվարում, անկարելի է, որ ճաշակած չլինի ծայրեիծայր տարածված մի անուշ բույր։ Դա թարմ մրգեղենի ու ծաղիկների հոտն է գյուղերից ու ագարակներից բերվող։ Այնտեղ գիշերվա մի ժամից հետո տրամվայները իրենց երկաթյա գծերը հանձնում են երկաթուղային գնացքներին։ Այդ բուլվարով մթերքները քաղաք են բերվում վագոններով, որոնցից շատերը բացօթյա են, և դրանց վրա են բարձվում վարդերի ու շուշանների, հասմիկների, մեխակների ու մանուշակների, հիացինտների ու խրիզանտեմների խայտաբղետ դեզերը։ Կարծես այնտեղ, հեռվում տեղի ունի ինչ-որ փառահեղ խրախճանք, և ծաղիկները շտապում են հանդեսը պճնավորելու։

Շուկա հասնելով, ձիերը ինքնաբերարար, առանց սանձահարման, կանգ են առնում մեքենայաբար, որպես զինվորներ։ Սայլապանները դանդաղորեն իջնում են պատվանդաններից և, իրենց մարմինների թմրությունը թոթափելով, սկսում են բեռները վար իջեցնել և դասավորել։ Յուրաքանչյուրը