երեկ կամ այսօր սնանկացած պարոնները շուտով պիտի փողոց դուրս գան և այնտեղ փնտրեն իրենց գիշերվա էպիլոգը։ Նրանք գիտեն նաև, որ կան և այնպիսիները, որոնց բուրժուական կամ արիստոկրատիկ ճաշակը վաղուց է կշտացել թանկարժեք պարուհիների, երգչուհիների, գրիզետկաների անուշահոտ մարմիններից և այժմ հոտոտում է արտասովորը, թեկուզ այդ արտասովորը լինի փողոցային կեղտի մեջ․․․ Նույնիսկ կոյանոցում․․․ Քանի՜-քանիներին են նրանք վարակել իրենց մարմնավոր ախտերով ու կործանելով խղճի առանց որևէ խայթի և հաճախ գիտակցաբար կամ գիտակցելով, որ մարդկությանը վերադարձնում են այն, ինչ որ ստացել են նրանից։
Մենք հրեցինք մի քանի տասնյակ թշվառներ և, շուտով դուրս գալով լույսերի ավազանից, ընկանք Փարիզի մի շարք նեղ, դարիվեր և կիսախավար փողոցները։ Մենք երկյուղ չունեինք քայլելու, գիտեինք, որ ապաշները շատ քիչ դեպքերում են հարձակվում ոչ մենավոր անցորդների վրա։
Ես վճռել էի մի անգամ ևս տեսնել կենտրոնական շուկան les Halles, «Փարիզի որովայնը», որ այնպես մանրամասնորեն ու վարպետորեն նկարագրել է հանճարեղ էմիլ Զոլան[1]։
«Փարիզի որովայնը» զետեղված է ճիշտ նրա որովայնում, այսինքն՝ կենտրոնում։ Նա բռնում է մի շարք նեղ և մշտապես խոնավ փողոցներ, կազմելով մի տեսակ աստղաձև հրապարակ։
Գիշերվա կեսից սկսած, երբ մի քանի ժամով նիրհում է փողոցային թոհուբոհը, երբ մանավանդ դադարում է տրամվայների
- ↑ Արտասահմանում գտնվելով, ես առիթ չեմ ունեցել կարդալու, բայց, լսել եմ, որ մեր համակրելի գրող Ստեփան Զորյանը, չգիտեմ որ լրագրում թե ամսագրում, խոսելով Զոլայի մասին, ի միջի այլոց, ասել է, թե ես շատ եմ ազդվել նրանից։ Իհարկե, պատիվ է համարվել մեծ վիպասանի աշակերտ, բայց դա մի թյուրիմացություն է, որ ցանկալի է ինձնից հեռացնել։ Ճշմարիտ է, ես Զոլայի երկերը կարդացել եմ խորին հետաքրքրությամբ, բայց երբեք չեմ հափշտակվել նրա ուղղությամբ։ Զոլան Բալզակ չէ կամ Ֆլոբեր և ոչ մանավանդ Դոստոևսկի։ Նա նատուրալիստ է, իսկ նատուրալիզմի և ռեալիզմի մեջ կա ահագին տարբերություն, որ, անկասկած, հայտնի է ընկ․ Զորյանին։