Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յոթ անգամ յոթ մեղքերի մեջ։ Որովհետև ես վաղուց էի դադարել հետաքրքրվել դաշնակցության գործերով, ուստի գրեթե միշտ անուշադիր էի լսում նրան և այսօր էլ չգիտեմ ի՞նչ էր իսկական նրա դժկամության պատճառը։ Գիտեմ միայն, որ շատ ժամանակ չանցած` դաշնակցությունն այդ հեգ վարժապետին մահվան դատապարտեց և Բուլղարիայում սպանեց։ Խնդիրը վերջ ի վերջո վերաբերվում էր 20000 ֆրանկ մի գումարի, որ իբրև թե վատնել էր «Ռազմիկ»-ի խմբագիրը։

Բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը, դաշնակցության գլխավոր հիմնադիրներից մեկը, նույնպես հեռացել էր կուսակցոլթյունից, հանձնելով Պիեր Քիարին թե՛ «Рro Armenia» թերթի խմբագրությունը և թե՛ իր մոտ գտնված կուսակցական դրամը մինչև վերջին սանտիմ։ Նա պնդում էր, թե Ավետիք Ահարոնյան, Ակնունի, Միքայել Հովհաննիսյան, մանավանդ այս վերջինը և չգիտեմ էլ ովքեր, իր դեմ որոգայթներ էին լարել և ոչ մի միջոց չեն խնայում իրան տապալելու ու վարկաբեկելոլ համար։ Ես լավ էի ճանաչում բժշկի բնավորությունը. նա մի քիչ կասկածամիտ մարդ էր, բայց ներկա դեպքում նրա կասկածն իրավացի էր, ինչպես և այդ ապացուցվեց ապագայում։ Մի անգամ նա ինձ ցույց տվեց Սիմեոն Զավարյանի մի ընդարձակ նամակը Կ. Պոլսից գրած և խնդրեց թարգմանել։ Այսօր ես բառ առ բառ չեմ կարող մտաբերել այդ նամակը, բայց լավ հիշում եմ, որ նրա բովանդակությունը բավական անմխիթար էր այն հայտնի դաշնակցականների վարքուբարքերի համար, որոնց մասին գրում էր Զավարյանը։

Ինքը Իոռիս-Մելիքյանն ավելի արհամարհանքով էր խոսում իր նախկին գաղափարակիցների մասին, քան ատելությամբ։ Դաշնակցությունից հեռանալով, նա չէր դադարել զբաղվել այսպես կոչված «Հայկական խնդրով» և զբաղվում էր միևնույն ուղղությամբ, այսինքն պառլամենտի բարեկամ ու ծանոթ անդամների բերնով հասարակական կարծիքը և մամուլը հետաքրքրում էր կարմիր սուլթանի գազանություններով։ Միջոցը միևնույնն էր. հրավիրում էին մի քանի «հայասեր» հռետորներ — Ժոռես, Պրեսանես, Պելըտան, Սմբա, Պիեր, Քիար, Societe Savante-ի անշուք դահլիճը