Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեցվում էր խուռը բազմությամբ (իհարկե, մեծ մասամբ հայերով)։ Հռետորները մեկը մյուսի հետևից պերճախոս նկարագրում էին վերջին massacre-ը (կոտորած), ունկնդիրներին հուզում էին ու ցրվում։ Մյուս օրը մեկ կամ երկու լրագիր տալիս էին մանր տառերով երեկույթի նկարագիրը մի քանի տողերով, և դրանով վերջանում էր ամեն ինչ, մինչև մի նոր մասակր: Հաճախ հռետորներից կարևորները չէին գալիս միտինգներին, երևի, ձանձրացած միևնույն անսամբլով կատարվող միևնույն կոմեդիայով։ Իսկ չգալու համար միշտ կար արդարացուցիչ խոսք — «հիվանդ եմ»։ Ամենից շատ «հիվանդանում» էր Ժան Ժոռեսը։

Այս էր ոչ միայն դաշնակցության, այլև ամբողջ եվրոպաբնակ հայ մտավորականության «ազգային գործունեության» ալֆան և օմեգան, պլյուս այս ու այն մինիստրի կամ դեպուտատի դռներ ծեծելը։ Հետաքրքրականն այն է, որ ոչ մեկը գոհ չէր մյուսի արածով, ոչ մեկը մյուսի աչքում «խոհեմ ու խելոք» չէր։ Թող թույլ տրվի ինձ այս առիթով պատմել երկու կոմիկական, բայց շատ բնորոշ դեպքեր։

Երբ Անատոլ Ֆրանսը Եգիպտոսումն էր, Ալեքսանդրիայում թե Կահիրեում, գալիս են նրա մոտ երեք «ազգային ներկայացուցիչներ» շնորհակալություն հայտնելու, որ մեծ գրողը բարեհաճում է հետաքրքրվել «Թուրքահայերի վիճակով»։ Հազիվ մի քանի խոսքեր են ասում. երեք պատգամավորների մեջ սկսվում է վիճաբանություն և մեկը հերքում է մյուսի ասածը։ Վերադառնալով Փարիզ, Անատոլ Ֆրանսը դեպքը պատմում է մի ծանոթ հայի ու ավելացնում է․

— Զարմանալի կռվասեր մարդիկ եք դուք հայերդ։

Երկրորդ դեպքը պատահում է Լոնդոնում պարսկական Մուզաֆֆար էդդին շահի այնտեղ եղած ժամանակ։ Տեղական հայ գաղութն ընտրում է երեք պատգամավոր և հանձնարարում է նրանց գնալ շահի մոտ և երախտագիտություն հայտնել, որ նա թույլ չի տալիս, որ պարսիկները կոտորեն իր հպատակ հայերին։ Պատգամավորների մեջ է լինում և Մինաս Չերազը, բայց խոսելու իրավունքը տրվում է պարսկահպատակ Ներսես խան Ներսիսյան ակնավաճառին։

— Զանըմ,— պատմում էր ինձ այդ խանը,— ընդունարան