Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չտեսնված թափոր էր, ոչ պակաս փառահեղ, քան Գամբետտայի, քան Վիկտոր Հյուգոյի թաղման հանդեսը։ Քառասուն բանվորներ, հսկայական կատաֆալկը պառլամենտի շինությունից դուրս բերելով, Սեն-ժերմեն բուլվարի ամբողջ երկարությամբ տանում էին իրանը ուսերի վրա։ Դիակին հետեվում էին տասնյակ հազարավոր կարմիր դրոշակներ։ Թե որքան մեծ էր թափորին մասնակցողների թիվը — դժվարանում եմ ասել, բավական է նկատել, որ երբ դիակն արդեն հասել էր Պանթեոն և թաղման արարողությունը վերջանալու վրա էր, ամբոխի վերջին ծայրը դեռ պառլամենտի մոտ էր, այսինքն՝ առնվազը 3 կիլոմետր հեռավորության վրա։

Այդ օրը բուրժուազիան փախել էր քաղաքից, ինչպես այդ լինում է ամեն անգամ, երբ նա սարսափում է ամբոխի ելույթից։ Սեն-Ժերմեն արիստոկրատիկ բուլվարի բոլոր բնակարանների լուսամուտները փակ էին։ Ամբողջ ոստիկանությունը հեծելազորքի հետ ոտքի վրա էր։ Իմ աչքերի առջև մի քանի բուրժուական բնակարաններ քարկոծվեցին մի խումբ ոստիկանների հետ։ Մի քանի հարյուր բանվորներ ձերբակալվեցին։

Մյուս օրը բուրժուական լրագրները հեգնանքով գրեցին, թե թափորը բաղկացած էր 20-25 հազար մասնակցողներից, մինչդեռ առնվազը քսան անգամ ավելի էր։

IX

ՍՈՄԻԿՈՆ

Ֆրանսիացիներն ունեն երկու ավանդական տոներ, որոնք վայելում են ոչ պակաս ժողովրդականություն, քան հուլիսի 14-ը, մեծ հեղափոխության տոնը։

Մեկն այդ տոներից կոչվում է Mardi gras, որ բարեկենդանյան կառնավալի վերջին օրն է, այն է` մեծ պասի առաջին երեքշաբթին, մյուսը կոչվում է Mi-Careme և տոնվում է նույն պասի երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը։ Այդ օրը Փարիզի ազգաբնակությունը վաղ առավոտից