Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսած մինչև երեկո զվարթանում է փողոցներում։ Բարձր բուրժուազիան չի մասնակցում։ Շատերը նույնիսկ հեռանում են քաղաքից, ինչպես և հուլիսի 14-ի օրը։ Առհասարակ բուրժուազիան ժողովրդական ցույցերից վախենում է այն պարզ պատճառով, որ նա բնազդաբար զգում է, թե ինքը խորապես ատված է ժողովրդից։ Երբ մի որևէ հաստափոր և հաստապարանոց պարոն ասում է՝ «Ես արահամարհում եմ ամբոխը», անտարակույս ստում է։ Նա քաջություն չունի ասելու «վախենում եմ»։ Եթե նա հավատացած լինի, որ ամբոխին երևալով — կարժանանա նրա համակրանքին, ուրախությամբ կընդունե նրա ծափերը ու կպարծենա անգամ նրանցով։ Բայց նա շատ լավ գիտե, թե քանի-քանի կռուփներ պիտի սպառնան իրեն և քանի-քանի անոթի բերաններ պիտի անիծեն, եթե համարձակվի ցույց տալ ժողովրդի արյուն-քրտինքով հղփացած իր կերպարանքը։

Mi-careme-ի օրը Սոմիկոն առավոտյան եկավ ինձ մոտ և խնդրեց, որ այդ օրը միասին անցկացնենք։ Ես բավական ժամանակ էր նրան չէի հանդիպել մեր այցելած սրճարաններում, կարծում էի, Փարիզից հեռացել է։

— Որտե՞ղ էիք,— հետաքրքրվեցի ես։

— Գործ ունեի, հետո կպատմեմ,— պատասխանեց նա մի տեսակ խորհրդավորությամբ, որ ցույց էր տալիս, թե արտաքո կարգի մի բան է պատահել։

— Կառնավալին այստե՞ղ էիք:

— Այո։

— Տեսա՞ք։

— Տեսա։

— Ո՞նց էր։

— Չհավանեցի, դատարկ բան է։ Քո ֆրանսիացիները տուտուց են։ Մի մեծ եզ չաղացրել են, դրել են ծաղիկներով զարդարված սայլի վրա ու փողոցներում պտտեցնում են խաչ ու խաչվառի պես: Մի քանի ուրիշ սայլեր էլ մասխարաներով լիք ետևից դնում են հարայ-հրոցներով, թե տեսեք-տեսեք, քեֆ ենք անում։ Ափսոս չէր մեր Թիֆլիսի ղեյնոբան, որ այդ շան որդի Գալիցինը արգելեց։