Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպ ազատվեց չարաճճիների ձեռքից, որոնք, նրան բաց թողնելով, փախան և խառնվեցին ամբոխին։

— Վա՜հ, քիչ մնաց, որ խեղդեին ինձ, տո,— ասաց նա հևալով,— բայց մի երկուսին լավ պաչեցի։

Նա ձեռքը տարավ ծոցի գրպանը, որ թաշկինակը դուրս բերի երեսի քրտինքը սրբելու համար և հանկարծ գոչեց․

— Վա՜, ի՞նչ եղավ, տո։

— Ի՞նչ պատահեց։

— Պորտմանս։

— Գողացա՞ն։

— Չկա, տո, թռցրին,— պատասխանեց նա, բոլոր գրպանները տնտղելուց հետո։

Նրա տրամադրությունն ավրվեց։

— Շուն-շան աղջիկներ,— արտասանեց նա, մի քանի ավելի գունավոր հիշոցներ ևս ավելացնելով։

Շուտով նա սկսեց ինքն իրան մխիթարել։ Պորտմանի մեջ մեծ գումար չի եղել, ընդամենը 150 ֆրանկ։

— Լավ է, որ երեկ բանկից չվերցրի պերեվոդս,— ասաց նա ժպտալով,— ոչինչ, մոտս էլի մի քանի ոսկի կա, մինչև էգուց հերիք է։

— Իսկ ծխախոտի տո՞ւփգ,— հարցրի ես, զարմանալով, որ այդ մասին չմտածեց։

Նա մի փոքր շփոթվեց և կմկմալով պատասխանեց․

— Տո՞ւփս, հա, տուփս հյուրանոցումն եմ թողել․․․

Ոչինչ, ոչինչ։ Այդ ո՞ւր մնացին քո գեղեցկուհիները, տո,— շտապեց ավելացնել նա, կարծես խուսափելով իմ հարցին պատասխանելուց։

Ես զգացի, որ նա ստում է։

Հեռվից երևաց թագուհու ամբիոնը։ Օրվա հերոսուհին իր օրվա բարձրությունից աջ ու ձախ ծաղիկներ էր սփռում ամբոխի վրա, հաղթական ժպիտն երեսին, որպես երջանկագույնը բոլոր կանանցից։ Չնայելով եղանակի բավական զգալի ցրտությանը, նա բարվոք էր համարել մրսել, քան քաղաքի կողմից ստացած իր մետաքսյա բաց վարդագույն նորաձև զգեստը թաքցնել վերարկուի տակ։ Հազարավորների միջից ընտրվածը տասնութ տարեկան մի աղջիկ էր բանվոր դասակարգից։