էր և միայն այդ տեսակետից հետաքրքրական և ուսանելի։ Նա իր անհողդողդ համոզմունքով գտել էր կյանքի կվինաէսենցիան և վայելում էր։ Երբ մենք փողոց ելանք, օրվա տոնական երթն արդեն սկսվել էր։ Գլխավոր բուլվարները, որոնցով պիտի «թագուհին» անցներ, վխտում էին բազմությամբ։ Անցուդարձը դժվարացել էր, մենք հազիվ կարողանում էինք առաջ շարժվել։ Մայթերն ու սալահատակներն արդեն ծածկվել էին գույնզգույն կոնֆետիների թանձր շերտերով։ Սոմիկոն շտապեց իր կոնֆետիների առաջին տոպրակը դատարկել մի հաստամարմին կնոջ փարթամ կրծքի վրա։ Դժբախտաբար, կինը տրամադիր չէր սովորական խաղը սիրալիր ընդունելու։ Նա բարկացավ և հայհոյեց բարեկամիս, գոռալով «խոզ, ուղտ»։ Անշուշտ փարիզուհի չէր։ Սոմիկոն, չվիրավորվեց և, նոր տոպրակներ գնելով, սկսեց կոնֆետին սփռել աջ ու ձախ, իհարկե, բացառապես կանանց վրա։ Նա շատ ուրախացավ, երբ տեսավ, որ այդ անհայտ ու անծանոթ աղջիկները ոչ միայն չեն բողոքում, այլև հաճույքով են ընդունում նրա կատակը։ Ընդհանուր ծիծաղներին ու քրքիջներին նա պատասխանում էր օդային համբույրներով և երինջի պես հրճվում էր, երբ կանայք իր սիրային ցույցերն ընդունում էին անուշ ժպիտներով կամ փոխադարձ օդային համբույրներով։ Ես հավատացած էի, որ այդ պահին նա իրան զգում էր աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Նա ուրախությունից բարձրաձայն քրքջում էր, ինչպես նժույգը մատակների մեջ։
Շուտով նա իր վրա դարձրեց ամբոխի ուշադրությունն իր արտասովոր զվարթությամբ։ Նրա երջանկությունը հասավ իր գագաթնակետին, երբ մի խումբ աղջիկներ, շրջապատելով նրան, խնդրեցին իրանց համար կոնֆետիներ գնել։ Նա միանգամից գնեց մի տասնյակ տոպրակներ և բաժանեց։ Անմիջապես աղջիկները հարձակվեցին նրա վրա ճանճերի պես, և նա մի րոպեում չքացավ իմ աչքից գույնզգույն թղթիկների հեղեղի մեջ։ Նրա ցիլինդրը գլխից ընկել էր և պիտի տրորվեր ոտների տակ եթե ես ժամանակին չկարողանայի այն վերցնել։ Վերջապես, իմ օգնությամբ նա մի