Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտարարությունների ցուցմունքով մի հարմար և գրպանիս համապատասխան պանսիոն ընտրելու։

Լոզանը Ժնևից երկու անգամ փոքր է թե՛ տարածությամբ և թե՛ բնակիչների թվով։ Բայց նա հին քաղաք է, ուստի և ավելի յուրատեսակ և, եթե կամենաք, ավելի գեղեցիկ իր զառիվեր փողոցներով, տների հնադարյան ոճով ու սիրուն աղբյուրներով։

Մեծ չէ Զվիցերիայի տարածությունը ընդամենը 41 հազար քառակուսի կիլոմետր, այսինքն՝ Խորհրդային Հայաստանից միայն մի երրորդական չափով ավելի։ Նրա բնակչության թիվն այն ժամանակ 3 միլիոն 700 հազար էր։ Իր պատմության ընթացքում այդ երկիրն էլ տառապել է, ինչպես Հայաստանն իր անցյալում, և շատ է տառապել։ Սկզբի դարերում նա կոչվել է Հելվեցիա կամ հելվետների երկիր, ապա հաջորդաբար ընկել է հռովմեացիների, բուրգոնդների և ֆրանկների իշխանության տակ։ Այնուհետև եկել է Ավստրիայի բռնակալությունը և տիրել է մինչև տասնուերեքերորդ դարի վերջը, երբ ժողովուրդը, այլևս չկարողանալով կրել իր տիրող պետության անողոք ներկայացուցիչների դաժանությունները, ապստամբվել է։ Զվիցերիան այդ ապստամբության հերոսությունը, ինչպես հայտնի է, մարմնացրել է Վիլհելմ Տելլի առասպելական անձնավորության մեջ, որի պաշտամունքն այսօր էլ այնքան զորեղ է երկրում և կմնա, քանի որ գոյություն ունի այդ ժողովուրդը։ Ապստամբության առաջին հետևանքն է եղել Լյուցերն, Ցյուրիխ, Գլարիս, Զյուգ և Բեռն կանտոնների իրարու միանալն ու մի ֆեդերասիոն կազմելը։ Շարունակելով քայլ առ քայլ ձեռք բերել իր ժողովրդի կատարյալ ազատությունը, տասնհինգերորդ դարում ֆեդերասիոնը կռվել է Կառլոս անխոհեմի և Մաքսիմիլիան կայսեր դեմ։ Այս վերջինը ստիպված է եղել Բալի դաշնադրությամբ ճանաչել կանտոնների ազատությունը, որոնց թիվն ավելացել էր մինչև տասներեքի։ Բայց Զվիցերիան, որպես անկախ պետություն, ճանաչվել է միայն տասնյոթերորդ դարի կիսին Վեսթվալիայի դաշնագրությամբ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ նա հայտարարվել է «Հելվեցյան հանրապետություն», և միևնույն ժամանակաշրջանում