ասելով տասնյոթ անգամ բարձրացել էր Մոնբլանի գագաթը։ Իհարկե, ամենքից ավելի հետաքրքրությամբ նրա պատմածներն էին լսվում։ Նա մի քանի անգամ ալպինիստներ էր աոաջնորդել, ոչ ըստ պաշտոնի, այլ, ինչպես ինքն էր ասում, «ի սեր արվեստի»։
Մի անգամ, երբ նա նկարագրում էր իր կրած դժվարություններն ու վտանգները, կինս հարցրեց.
— Ի՞նչ հաճույք եք զգում, պարոն, բարձրանալով լեռան գագաթը այդքան դժվարությունների ու տանջանքների գնով։
— Օ՜հ, տիկին,— պատասխանեց մարդը ոգևորվելով,— դուք երևակայել չեք կարող այդ հաճույքը։ Դա աննկարագրելի է։ Ամեն անգամ, երբ հասնում եմ լեռան վերջին բարձրությանը և նստում եմ մի սառցակույտի կամ ժայռի վրա, թվում է ինձ, որ բոլոր մահկանացուներից ամենաերջանիկն ես եմ, որովհետև միակն եմ այդ բարձրության վրա։ Ինձ հետ շատ քչերն են կարողացել լեռան գագաթին հասնել։ Մեծամասնությունը կես ճամփից ետ է դարձել, ոմանք նույնիսկ վերջին կետին մոտեցած։ Պատահել են և ողբերգական արկածներ իմ աչքերի առջև։ Հիշում եմ երեք երիտասարդ իռլանդացիների կործանումն, իրանց մանկական ինքնավրստահության և անխոհեմության շնորհիվ։ Ես նրանց ապահով առաջնորդել էի մինչև նախավերջին կետը։ Այդտեղ նրանք սկսեցին արհամարհել իմ առաջնորդությունը և ցուցմունքները։ Կամեցան ինձնից առաջ տեսնել գագաթը, ով գիտե, գուցե հետո իրանց հայրենակիցների մոտ պարծենալու համար։ Եվ կործանվեցին երեքն էլ։ Նրանցից երկուսը եղբայրներ էին։
— Եվ ի՞նչ արիք դուք, երբ մենակ մնացիք։
— Իջա վար օգնություն բերելու։ Թշվառների դիակը գտանք մի ժայռի տակ, երեքն էլ արյունաշաղախ, այլանդակված։
Մարդը մի փոքր լռեց և ապա, հառաչելով, ավելացրեց.
— Բայց, չնախատեք ինձ, տիկին, եթե մի բան անկեղծորեն խոստովանեմ ձեզ։
— Ասացեք։
— Այն պահին, երբ ընկերներիս հետ փնտրում էի կործանվածներին