Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շուտով մեր գուլպաները տրորվելով-մաշվեցին, սահեցին մեր ոտներից և ընկան։ Շարունակեցինք քայլել ավելի դանդաղ և զգուշությամբ։

Սառցարանը տափակ չէր և ոչ էլ հարթ։ Նույն լեռնալանջն էր, միայն քարի փոխարեն սառցյա խորդուբորդեր, ձորակներ և բլրակներ։ Դժվարագույնն այդ բլրակները բարձրանալն էր, մանավանդ իջնելը։ Աջ ու ձախ բացված էին կապտագույն ջրերով լեցուն փոքրիկ խորխորատներ։ Բավական էր մի անզգույշ քայլ, մի թեթև սահում, և մարդ կարող էր վար թավալվել։ Ո՞վ գիտե ով կարող էր նրան վեր քաշել, և կենդանի կքաշե՞ր արդյոք։ Համենայն դեպս քիչ թե շատ խոր փոսի մեջ ընկնողի ջարդոտվելն անխուսափելի էր։

Սառցարանը սկսվում է Մոնբլանի աննշմարելի բարձունքից մի լայնարձակ ձորի ուղղությամբ և վար իջնելով մի որոշ տեղ, ընդհատվում է, բայց կանգ չի առնում: Զվիցերիացիներն ասում էին, որ նա աստիճանաբար երկայնանում է և կարող է շուտով սպառնալ ստորոտի գյուղերին ու ագարակներին։ Պատմում էին, որ եղել են դեպքեր, երբ ամբողջ գյուղեր են կործանվել սառցային հոսանքների տակ։ Սառույցները մշտական չեն, խորքում նրանք հալչում են, և փոխարենը վերի մակերեսը ծածկվում է նորանոր շերտերով։ Սառցարանի տակից հոսող ջրերը կազմում էին ամբողջ գետակներ, որոնցով գյուղացիները ոռոգում են իրանց այգիներն ու ագարակները։ Առհասարակ Մոնբլանը, հակառակ շոր ու ցամաք Արարատի, վերին աստիճանի բարեբեր լեռն էլ շնորհիվ իր ջրերի առատության։ Այդ տեսակետից նրա հետ մասամբ կարող է մրցել միայն մեր Արագածը։

Տեղ-տեղ ինչ-որ բարի մարդիկ սառցային բլրակների վրա երկաթյա բահերով փորում էին աստիճաններ՝ անցնողների ընթացքը դյուրացնելու համար։ Յուրաքանչյուր էքսկուրսանտ տալիս է նրանց իր տուրքը — չորս-հինգ սու — ոչ ավելի։ Այն ժամանակ Զվիցերիայում առհասարակ ամեն բան անհամեմատ էժան էր Ֆրանսիայի վերաբերմամբ։ Այժմ հակառակն է ֆրանսիական ֆրանկի անկման պատճառով:

Մի սառցային սանդուղքով բարձրանալիս, թեթևամտություն ունեցա ետ նայելու, գլուխս պտտեց, ոտներս