Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հյուրանոցներից բաղկացած։ Տեղ հասանք երեկոյան։ Եղանակը մառախլապատ էր, թեթևակի անձրևում էր, վախեցանք, միգուցե մեր փոքրիկ էքսկուրսիան չհաջողվի։ Գիշերեցինք հյուրանոցներից մեկում, հետևյալ օրն ամբողջովին գործադրելու նպատակով։ Առավոտյան հազիվ լույսը բացվել էր, երբ ոտքով ճանապարհ ընկանք։ Հակառակ մեր սպասածին, եղանակը պարզվել էր, արեգակը լուսավորում էր Մոնբլանն այնքան պայծառ, որ ձյուների մակերեսը պսպղում էր բյուրավոր ալմաստներով։ Թվում էր, որ մենք մի հարյուր քայլ հեռավորության վրա ենք և շուտով կհասնենք այնտեղ։

Կազմվել էր մեզ նման էքսկուրսանտների մի մեծ խումբ։ Կային և մի քանի ալպինիստներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր մեջքի վրա կրում էր պարանով լի մի տոպրակ և երկայն պարան։ Երևի, նրանք պիտի բարձրանային գագաթը։ Նրանք ունեին երեք առանձին առաջնորդներ, իսկ մերը մի հոգի էր միայն։ Շամոնիից մինչև սառցարանները երկու կամ երեք ժամվա ճամփա է, նայելով էքսկուրսանտի ընթացքի արագությանը։ Այն ժամանակ դեռ չէր ավարտված այժմյան էլեկտրագիծը, որ այնքան թեթևացրել է վերելքը։ Որդիներս ուրախությունից թռչկոտում էին։ Նրանց հետ մրցում էր մոտ հիսուն տարեկան մի մարսելցի. նա շարունակ բարբառում էր, քրքջում և վազվզում տասը տարեկան մանկան պես։ Երջանի՜կ մարդ։

Սառցարանը գտնվում էր ծովի մակերեսից 2200 մետր բարձրության վրա։ Հետևելով մյուսների օրինակին, մենք ևս գնեցինք մի-մի զույգ կոշտ գուլպաներ և հագանք մեր կոշիկների վրա, որպեսզի սառույցների վրա չսայթաքենք։ Միայն մի մոտ քսան-քսաներկու տարեկան, սևաչյա, սևահեր և գեղեցիկ աղջիկ արհամարհանքով մերժեց իրան առա¬ ջարկված գոզպաները և վազեց դեպի սառցարանը բաց կո¬ շիկներով։ Նա չէր վախենում սայթաքումից։ Այսքանը բավական էր, որ թեթևսոլիկ մարսելցին անմիջապես հափշտակվեր այդ աղջկանով և այլևս նրանից չհեռանար։ Այն սառցարանը, որ պիտի անցնեինք, ուներ մոտ մի կիլոմետր լայնություն։ Սկզբում մենք ընթանում էինք դյուրությամբ և աներկյուղ, չնայելով մեր առաջնորդի նախազգուշացումներին։ Բայց