երկաթե պարանին, որպեսզի չընկնեմ։ Նույն վայրկյանին Ռուբենը գոչեց.
— Ահա՛ նա, ահա՛, նայի՛ր ցած։
Ես նայեցի։ Նա գնում էր վարի ձորով, որ սառցարանի ուղղությամբ տանում էր դեպի մի վիհ։ Գնում էր շտապ քայլերով, գլուխը կրծքին թեքած, առանց աջ ու ձախ նայելու։ Հայր ու որդի աղաղակեցինք մեր ձայների ամբողջ ուժով «Արմե՛ն, Արմե՛ն»...
Նա, մեր ձայնից սթափվելով, կանգ առավ վիհից հազիվ մի քսան քայլ հեռավորության վրա։ Մենք ձեռքով նշան արինք ետ դառնալու։ Նա ուշադրություն չդարձրեց, բայց և տեղից չշարժվեց առաջ գնալու։ Ռուբենը շտապեց, վար իջավ ձորը և, նրա թևից բռնելով, բերավ մեր ուղին։ Այդ վայրկյանից, իմ պատվերով, նա իր եղբորից չէր բաժանվում, քայլ առ քայլ հետևելով նրան։
Ապագայում, երբ պարզվեց թշվառ պատանու հիվանդությունը, ես շատ անգամ եմ մտածել և, այսօր էլ երբ հյուսերս վաղուց են խորտակված, մտածում եմ այդ չարագուշակ վայրկյանների մասին, բայց երբեք չեմ հարցրել և չեմ կամեցել գիտենալ, արդյոք նա սխալմամբ էր իր ճամփից շեղվել, թե... գիտակցաբար...
Mauvais-Pas-ն անցանք անփորձանք, իջանք մի ձոր։ Մեր առջև բացվեց մեկը Զվիցերիայի նշանավոր տեսարաններից — մի շատ բարձր ջրվեժ, որ մռնչալով՝ ժայռի բեկորները թավալում էր կատաղի զորությամբ։ Մենք կանգ առանք ջրվեժի ստորոտում և երկար ժամանակ հիացմամբ գիտում էինք բնության հրաշալիքը, ուշադրություն չդարձնելով, որ, ջուրը զարնվելով վարի ապառաժներին, բարձրանում է վեր և մեզ հեղեղում անձրևի տարափով։
Իջանք Շամոնի հոգնած ու ուժասպառ։ Նույն ժամին գնացք նստեցինք վերադառնալու։
Մինչև Ժնև օրիորդ Բաքրաձեն մեզ հետ էր։ Նա կարողացել էր, վերջապես, ազատվել մարսեւցու ձանձրալի ընկերությունից։
Ես նրան հավատացրի,— ասաց օրիորդը,— որ դուք