Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XI

ՍՈՐԲՈՆՈՒՄ: Հ... Ա-ՆԸ: ԻՇԽԱՆՈՒՀԻՆԵՐԸ: ՄԱԳԱԶԻՆՆԵՐԻ

ՀՐԱՊՈՒՅՐԸ

Փարիզի մթնոլորտն ինձ արբեցրել էր։ Թվում էր, որ այսուհետև ինձ համար այլևս դժվար պիտի լինի շնչել մի ուրիշ օդ։

Հայրենիքի կարոտը չքացել էր, թեև նա առաջ էլ մի առանձին տեղ չուներ իմ հոգում։ Երբեմն նույնիսկ մտածում էի, ունե՞մ արդյոք հայրենիք, և պատասխանը միշտ լինում էր բացասական։ Այո՛, այո՛, ասում էի ես ինձ, ես հայրենիք չունեմ, այն անգնահատելի գանձը, որ բոլոր ազգերի բոլոր մարդկանց պարծանքն է։ Եվ զարմանում էի, որ այդ պարզ ու պայծառ իրողությունը նոր եմ տեսնում կամ ավելի ճիշտ ասած, նոր եմ զգում։

Կովկասից ստացվող տխուր լուրերը (իսկ նրանք միշտ տխուր էին, միշտ հուսահատական) մի-մի աստիճան իջեցնում էին իմ սերը դեպի այդ երկիրը, որ ինձ կյանք էր տվել: Չկար այլևս ինքնադատապարտումը, որ մի ժամանակ այնպես կրծոտում էր իմ սիրտը։ Այժմ ես իմ Եվրոպա տեղափոխվելը համարում էի միանգամայն իրավացի ու խելացի:

Բարեկամներս ինձ գրում էին.

— Վերադարձիր հայրենիք, ի՞նչ գործ ունիս օտարության մեջ։

Խեղճ մարդիկ, նրանք դեռ շարունակում էին մնալ մոլորության մեջ, թե հայրենիք ունեն։

Իմ պատասխանն անփոփոխ միևնույնն էր։

— Կվերադառնամ, երբ զավակներս կավարտեն իրենց ուսումը։

Կեղծում էի, իհարկե, ոչ միայն վերադառնալու փափագ չունեի, այլև մի տեսակ սարսափով էի մտածում, թե մի օր ստիպված պիտի լինեմ վերադառնալու։ Ի՞նչ կա այդ կիսավայրենի, այդ հնից հեռացած, նորին չհասած երկրում։ Ի՞նչ, բացի միջժողովրդյան խռովություններից, կռիվներից, կոտորածներից։ Առանձին ատելությամբ հիշում էի մանավանդ