Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայ միջավայրը, նրա ընկերային կյանքի երկպառակությունները, ինտրիգները, բարեկամը բարեկամի, եղբայրը եղբոր ոտների տակ փորելը: Ահ, ինչ լավ կլիներ, եթե կարողանայի մոռանալ այդ անցյալը, խորտակել իմ ետևից բոլոր կամուրջները, վերածնվեի ու նոր կյանք սկսեի, նոր սկզբունքներով, նոր խելքով, նոր ճաշակով։

Այո, այստեղ, Եվրոպայում այն չէ, ինչ որ այնտեղ, ասիական խավար երկրում։ Այստեղ մտքի աշխատավորն ապրում է համամարդկային կյանքով։ Այստեղ, գիտությունների, արվեստների, մարդկային հոգու և մտքի նրբացման բոլոր հնարավորությունների ոստանում։ Վերջապես, այստեղ իմ միտքն ազատ է ներքին ու արտաքին կապանքներից, և ես իմ էության, իմ նվիրական խոհերի տերն ու տիրականն եմ։ Այստեղ ես ունեմ բոլոր միջոցներն ամբողջովին նվիրվելու գրականությանը, միմիայն գրականությանը, առանց որևէ վերապահումների: Այստեղ ոչ ոք ժամանակ-անժամանակ չի խուժիլ իմ բնակարանը, որպեսզի տակն ու վրա անի իմ գրասեղանը, գրավի իմ ձեռագիրները ու ինտիմ նամակները, որպեսզի իր լկտի մատներով քրքրի իմ ուղեղը փնտրելու համար, չկա՞ արդյոք նրա հատակում որևէ հանցավոր միտք ցարի կամ նրա սպասավորների դեմ։

Այսպես էի մտածում և այդպես զգում, այնինչ այլ էր իրողությունը։ Մթնոլորտով արբեցած, ես ինձ խաբում էի անգիտակցաբար։ Ես ուզում էի աշխատել, զգում էի մի բան գրելու, մի բան ստեղծագործելու պահանջ, և ավաղ, չէի կարողանում։ Պատահել է ձեզ երազում տեսնել ձեր սիրո առարկային, որից երկար ժամանակ է բաժանվել եք։ Դուք, իհարկե, ուրախանում եք, ուղում եք հարձակվել նրա վրա, ղրկել, համբուրել, բայց չեք կարողանում, ուղղակի անզոր եք։ Ինչ-որ մի բան խանգարում է ձեզ, ձեր ձեռներն առաջ չեն շարժվում, ձեր շրթունքները մնում են օդի մեջ կախված, երևույթը հանկարծ չքանում է, և դուք արթնանում եք մի դառը կսկիծ ձեր սրտում։ Այս վիճակումն էի ես։ Փորձում էի մի բան գրել և գրում էի, բայց ոչ մի էջ, ոչ մի տող չէր գոհացնում ինձ, պատռում էի գրածս, ինքս իմ դեմ զայրացած