Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորեն գրում էի և միշտ միևնույնը, շաբաթներ և ամիսներ շարունակ։

Վերջապես, երկար ջանքերից հետո, ես հոգնեցի հոգեպես ու մտավորապես, կարող եմ ասել նույնիսկ ֆիզիկապես, այն աստիճան, որ սկսեցի զգալ մի տեսակ զզվանք դեպի գիր ու գրականություն ասված բանը։

Ժամանակս քիչ թե շատ օգտավետ գործադրելու համար որոշեցի հաճախել Սորբոնի ազատ դասախոսությունները, ոչ որպես իսկական ուսանող — այդ չէր սազիլ իմ տարիքին — այլ այնպես, որպես սիրող, դիլետանտ։ Ընտրեցի երեք առարկաներ՝ պատմություն, փորձնական հոգեբանություն և... դարձյալ անխուսափելին... գրականություն։ Էականն այն է, որ ինձ համար պարզապես հաճելի էր նախաճաշից հետո օրվա մեջ երկու-երեք ժամ նստել մի կիրթ հասարակության մեջ, ուր պակաս չէին իմ հասակի մարդիկ։ Հաճելի էր լսել ու հիանալ ֆրանսերեն լեզվի երաժշտությամբ ու նրբությամբ, մանավանդ, երբ դասախոսն Իպոլիտ Տենի և Բրյունետերի արժանավոր հաջորդ, ժամանակի լավագույն գրական քննադատ էմիլ Ֆագիեն էր կամ հեղինակավոր պատմագիր Օլարը, այդ բարձրահասակ, վայելչակազմ և գեղեցկադեմ ծերունին։

Կար մի փոքրահասակ կաղ պրոֆեսոր։ Մարթա էր նրա անունը։ Երբեմն նրա դասախոսություններին էլ գնում էի։ Այդ ժամանակ նրա դասախոսության նյութն էր լատինական պերճախոսությունը (eloquence latifie): Ինձ համար ամենից համակրելի պրոֆեսորն այդ մարդն էր։ Արտիստ էր բառիս լավագույն իմաստով, արտիստ իր ձևերով, շարժումներով, ձայնի ելևէջներով, դիմախաղով։ Այս կամ այն կլասիկ հեղինակից հատվածներ արտասանելիս նա ոգևորվում էր ինչպես կրակոտ դերասան, մերթ նստելով, մերթ ոտքի ելնելով, բայց երբեք նյութից չէր շեղվում և ունկդրին չէր ձանձրացնում ավելորդ մանրամասնություններով։ Ես լսում էի նրան ոչ որպես պրոֆեսորի, այլ որպես տաղանդավոր դերասանի, որի խաղն ինձ պատճառում էր գեղարվեստական հաճույք։

Առհասարակ ամեն մի ֆրանսիացի բեմախոս, լինի նա միտինգային հռետոր թե պրոֆեսոր, պառլամենտի անդամ