Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես միանգամայն ծիծաղելի աշխարհայեցողության արդյունք եմ համարում այն ընդհանրացած կարծիքը, թե հայ վաճառականությունը հեռավոր երկրներում կուլտուրական դեր է կատարել։ Խնդիրն այն է, թե ով ինչպես է ըմբռնում կուլտուրա ասված բանը։ Եթե մի վայրկյան հաշտվենք այն տղայական կարծիքի հետ, թե մի մատուռ կառուցանելը, մի տպարան բանալը, մի քանի կրոնական կամ վաճառականական բովանդակությամբ գրքեր հրատարակելը կուլտուրական գործ է, ի՞նչպես կարող ենք մոռանալ այն ծանր ու տխուր հակակշիռը, թե օտարները հայ ժողովրդի բարոյական պատկերի մասին այնքան վատ և մեզ համար վերին աստիճանի վիրավորական գաղափար են կազմել միայն և միմիայն վաճառականության շնորհիվ։ Այդ մասին ես ունեմ հարյուրավոր ապացույցներ և օրինակներ, որոնք կարող են մի ամբողջ հատորի նյութ դառնալ։ Այստեղ ես կբավականանամ միայն մի նորագույն փաստով, որ ինքնըստինքյան ավելի քան բնորոշ է։ Դեպքը տեղի ունեցավ սրանից ընդամենը հինգ-վեց տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում։ Մի ինչ-որ հայ գորգավաճառ, որի անունը դժբախտաբար մոռացել եմ, մի ամերիկյան դատավորի եղբորը վաճառում է խաբեբա գներով մի քանի գորգեր։ Երբ խաբեբայությունը բացվում է, և ամերիկացին ուզում է գորգերը, երկու կողմերից ընդունված պայմանով, այն է 25 տոկոսի զիջումով վերադարձնել վաճառողին, հայ վաճառականի ախորժակը բորբոքվում է, և նա մերժում է ապրանքը ետ ընդունել, չբավականանալով 25 տոկոս շահով։ Ամերիկացին առժամանակ լռում է։ Գալիս է մի օր, երբ հայ վաճառականը պարտավոր է վերցնել ինչ-որ առևտրական վկայագիր, կառավարությունը մերժում է տալ նրան այդ վկայագիրը, այլ խոսքով ասած` զրկում է նրան առևտրականի իրավունքից։ Գործը դրանով չի վերջանում, հարց է ծագում, արդյոք հայերն առհասարակ ունե՞ն իրավունք առևտրով պարապելու կամ Ամերիկայում ապրելու, այլ խոսքով ասած, նրանք ճերմակ ցեղ են, թե՞ սևամորթ: Հարցը դրվում է պարբերական մամուլի մեջ։ Եվ ահա Ամերիկայի հայ վաճառականները հարկադրվում են իրենց քսակները լայն բանալ` հայտնի գիտնականներ, փաստաբաններ,