Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջին ամիսները տղան օր֊օրի վրա նիհարում էր, դառնալով ինքնամփոփ և մտահոգ, թեև տակավին պահում էր իր բնածին հումորը և մարդկանց վատ հատկությունները ծազակոծելու ընդունակությունը։ Ի՞նչ էր պատահում—չգիտեինք։ Նրա դեմքի աճող գունատությունը, նրա մերթ ընդ մերթ ամենաչնչին պատճառով գրգռվելը թե՛ մայրն ու թե՛ ես վերադրում էինք ներվերի հոգնածությանը հարատև պարապմունքներից։ Կույր էինք կատարելապես. չէինք նկատում, որ դժբախտությունը թունավոր օձի նման լուռ ու անշշուկ սողում է մեր խաղաղ ու գրեթե երջանիկ կյանքի մեջ։

Ես խնդրեցի Ֆնդըգլյան ազգանունով մի երիտասարդ ու համակրելի բժշկի՝ տանել որդուս հայտնի նեվրոպատոլոգներից մեկի մոտ քննելու։ Նա տարավ։ Գիտնականը, որի անունը այսօր չեմ հիշում, ասաց, թե անհանգստանալու պատճառ չկա, թե պատանու ներվերը հոգնել են, թե անհրաժեշտ է, որ նա միառժամանակ թողնե իր զբաղմունքները, նույնիսկ գրքեր կարդալը, հանգստանա և ամեն օր սառը բաղնիք ընդունե Շարկոյի սիստեմով։

Բայց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե պատանու դրությունն ավելի լուրջ ու ավելի սպառնալի է, քան ներվերի հոգնածությունը։ Այդպես էլ եղավ. ո՛չ Շարկոն, ոչ երկամսյա անգործ թափառումները, ո՛չ մայրական անսահման հոգացողությունը հանգստի ու սնունդի մասին չօգնեցին հիվանդին։ Քանի գնում, այնքան պատանին մռայլվում էր ու խորասուզվում ինքն իր մեջ։ Մի օր նկատեցի, որ նրա գեղեցիկ աչքերի բիբերը չեղվել են։

Շուտով նա դարձավ միանգամայն լռակյաց և անուշադիր դեպի շրջապատը։ Կարծես մի սև ձեռ փակել էր նրա հոգու, նրա մտքի, անգամ նրա լսելիքի դռները։

Մի օր նա մտահուզություն ունեցավ։ Նա խոսում էր ինքն իրան, մերթ բարկացած, մերթ ծիծաղելով և վիճաբանում էր ինչ-որ երևակայական հակառակորդների հետ։ Մի ուրիշ օր նա պնդում էր, թե մեր սեղանատան առաստաղը ծակվել է և այնտեղից նայում են հարևանները։ Թշվա՜ռ, թշվա՜ռ պատանի։