Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն օրը, երբ ձերբակալվում են Զոհրաբի ընկերները, իրիկնադեմին նա դնում է թրքական ներքին գործերի մինիստր Թալաաթ բեյի մոտ, որի մտերիմ բարեկամն է եղել։ Նա, որպես պառլամենտի անդամ, Թալաաթ բեյից բացատրություն է պահանջում։ Տեղի է ունենում բուռն վիճաբանություն։ Թալաաթը խուսափում է Զոհրաբի հարցերին պատասխան տալուց։

— Մի մոռանաք, բե՛յ, որ դուք կարող եք պատասխանատվության ենթարկվել,— գոչում է Զոհրաբը զայրացած։

— Հետաքրքրական է, ո՞վ կարող է ինձ պատասխանատվության ենթարկել,— հարցնում է Թալաաթը հեգնանքով։

— Թեկուզ ես, որպես պառլամենտի անդամ,— պատասխանում է Զոհրաբը, ձեռը սեղանին զարնելով։

Վիճաբանությունը երկար չի տևում։ Զոհրաբը զայրացած հեռանում է։

Հետևյալ օրն առավոտյան կանուխ նա ձերբակալվում է իր տանը և անմիջապես աքսորվում։

Ես փակում եմ այս տխուր էջը, ընթերցողիս ներվերը իլնայելու համար։

XIII

ԱՐՄԵՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Մի չարաբախտ օր նա համալսարանից վերադարձավ գունատ ու հուզված և ասաց.

— Պապա՛, ես չեմ կարող քննություն տալ։

Եվ, գրքերն ու տետրակները ձգելով մի կողմ, պառկեց բազմոցի վրա։

— Ինչո՞ւ,— հարցրի ես անհանգիստ։

— Ուղեղս չի գործում։

Նա իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր, քննություն պիտի տար երրորդն ու վերջինն անցնելու։ Տասնուինը տարեկան գեղեցիկ, ընդունակ, աշխատասեր ու աշխույժ պատանի էր։ Նրա ապագայի վրա ծնողները մեծ հույսեր ունեին։