Այլևս Զվիցերիան կորցրել էր իր նախկին հրապույրն ինձ համար։ Ես միանգամայն անտարբեր էի դեպի նրա բնական գեղեցկությունները և դեպի նրա կենցաղը։ Իհարկե, մի ուրիշը կարող էր աշխատանքի մեջ մոռանալ իր վիշտը, բայց ես այդքան ուժ չունեի, աշխատանքը փախչում էր ինձնից։ Հիշում եմ, մի ամբողջ շաբաթ ջանացի մի խոշոր գործ սկսել, առաջին իսկ էջերից գործը թվաց ինձ իմ կարողությունից վեր։ Փորձեցի գրել փոքրիկ պատմվածքներ, դարձյալ անհաջող։ Գրում էի, ջնջում, իբրև թե փոփոխում, իբրև թե շտկում, միևնույնն էր, բան չէր դուրս գալիս։ Տեղն է ասել, որ ես առհասարակ շատ մեծ դժվարությամբ էի գրում և այժմ էլ նույնն է, բայց այս անգամ, կարծես, ձեռս շղթայակապվել էր։ Ես գրած թերթերս իրարու ետևից պատռում էի ու կատաղած դեն շպրտում։ Ասում եմ կատաղած, վասնզի ճիշտ որ կատաղում էի, այնքան վրդովեցուցիչ էր ինձ համար սեփական ապիկարության գիտակցությունը։ Մի՞թե ուղեղս ցամաքել էր։
Նույն անպտղաբեր օրերը շարունակվեցին և Փարիզում, երբ վերադարձանք այնտեղ հիսունօրյա բացակայությունից հետո։
Արմենի գրությունը քանի գնում, այնքան վատթարանում էր։ Եկավ այն դժբախտ ժամանակը, երբ այլևս անհնար էր հոգեկան հիվանդին տանը խնամել։ Նա մերթ ընդ մերթ կատաղության նշաններ էր ցույց տալիս։ Նա մեզ չէր լսում, ժամանակ-անժամանակ վազում էր փողոց և խառնվում էր ամբոխին։ Ես անմիջապես դուրս էի գալիս նրա ետևից և քայլ առ քայլ հետևում էի նրան. միգուցե որևէ վտանգավոր բան թույլ տա իրան կամ որևէ արկածի հանդիպե։
Նրա սովորական զբոսավայրն էր Լյուքսեմբուրգ պարտեզը, որ մեր բնակարանից հեռու չէր։ Այդտեղ էր, որ առաջին անգամ տեսա այն ֆրանսուհի աղջկան, որով նա հափշտակված էր, ինչպես ինձ ասաց նրա ընկերներից մեկը, իրավաբանական ֆակուլտետի մի հայ ուսանող։ Աղջիկը մոտեցավ Արմենին, ինչ֊որ ասաց նրան, ինչ-որ լսեց նրանից և շուտով հեռացավ չափազանց տխրած դեմքով և գլուխն երերալով։ Նա բավական սիրուն էր, շատ