Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երիտասարդ, ոչ ավելի քան 18 տարեկան։ Հագնված էր համեստ, բայց փարիզուհու Ժամանակակից ոճով ու ճաշակով։ Նա թևի տակ բռնած ուներ մի քանի գրքեր ու տետրակներ։ Կռահեցի, որ Սորբոնի ուսանողուհիներից էր, ենթադրությունս ճշտվեց։

— Դուք ճանաչո՞ւմ եք այդ աղջկա ծնողներին,— հարցրի ես մի օր Արմենի ընկերոջը։

— ճանաչում եմ, բայց ծանոթ չեմ։

— Ովքե՞ր են։

— Հայրը պրոֆեսոր է, եղբայրը կարծեմ ուսանող։

Պարզվեց, որ աղջիկն իր կողմից նույնպես հպփշտակված է Արմենով, բայց թե որ աստիճանի է հասել փոխադարձ հափշտակությունը, չկարողացա գիտնալ։ Ինձ հայտնի էր միայն Արմենի բարոյական արտասովոր մաքրությունը․․․ Կյանքի ապականության համար նա տակավին մնացել էր անձեռնմխելի․..

Շուտով այդ աղջիկը չքացավ հորիզոնից. այլևս ես նրան չէի տեսնում։ Խե՜ղճ պատանի. դա եղավ նրա կյանքում առաջին և վերջին հափշտակությունը կնոջով։

Ես նրան տեղավորեցի Փարիզի շրջակայքում մի մասնավոր ընտանիքում, ուր կային մի քանի նման հիվանդներ։ Ես չունեի միջոց նրան մի որևէ սանատորիայում տեղավորելու։

Ես դադարել էի հաճախել Սորբոնի դասախոսությունները։ Մի պահ մտածեցի, արդյոք ժամանակը չի՞ Կովկաս վերադառնալ երեք տարի բացակայելուց հետո։ Բայց կային մի քանի լուրջ պատճառներ, որոնք խանգարում էին մեզ այդ անելու։ Նախ Արմենի հիվանդությունը։ Մեզ համար շատ ծանր էր նրան հայրենիք բերել իր ներկա դրության մեջ։ Մի քանի պրոֆեսորներ հավատացնում էին, թե նրա ուղեղը տակավին վերջնապես խավարված չէ, թե կարող է առողջանալ, թե նման դեպքեր շատ են եղել, և վերջ ի վերջո հիվանդները փրկվել են։ Եվ մեզ համար ավելի դյուրին էր կառչել այդ սնոտի հավատին, քան լսել մի ռուս բժշկի համարձակ կարծիքը, թե հիվանդի համար փրկություն չկա։ Ֆրանսիական մտայնության ծայրահեղ նրբազգացություն, որ երբեք թույլ չի տալիս դառը ճշմարտությունը մարդու երեսին ասել մի