Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
***

Հիշում եմ երկու անախորժ ծանոթագրություններ։

Մի երեկո ինձ մոտեցավ Գոգոլի Դերժիմոդայի կերպարանքով մի մարդ իր կնոջ հետ և հարցրեց․

— Դուք ճանաչու՞մ եք Թախտաճյանին։

— Այո՛,— պատասխանեցի ես։

Թախտաճյանը (անունը մոռացել եմ) մի շատ պատկառելի մարդ էր հեղափոխական ոգևով տոգորված, (որին չպիտի շփոթել դաշնակցական Թախտաճյանի հետ)։ Ես նրան հարգում էի։

— Կինս նրա ազգականն է,— շարունակեց Դերժիմորդան, ուզում է նրան տեսնել, չգիտե՞ք արդյոք նրա հասցեն։

— Ոչ, բայց նա ամեն երեկո գալիս է սրճարան, գուցե այսօր էլ գա, սպասեցեք, եթե կարող եք։

— Դժբախտաբար ժամանակ չունենք, եթե գա, բարի եղեք նրա հասցեն հարցնելու։ Մենք վաղը դարձյալ կգանք։ Թույլ տվեք ծանոթանալ․ Քութախի զինվորական նահանգապետ Սլավոչինսկի․․․ Ցտեսություն։

Ես այս տխրահռչակ ժեներալի դաժանությունների մասին շատ բան էի լսել վրացի ուսանողներից։ Քութաիսի ամբողջազգաբնակչությունը սարսափով և զզվանքով էր խոսում այդ զազրելի սատրապի մասին։ Հետևյալ երեկո նա եկավ։ Ես դեռ չէի հանդիպել Թախտաճյանին։

— Ափսոս,— ասաց նահանգապետը,— գուցե վաղը գա, գիտենք, մենք շատ կարևոր գործ ունենք նրա հետ, ասացեք իրան, բայց մենք մի անգամ էլ կզգանք։ Հուսով եմ իմ ազգանունը հիշում եք։

— Ինչպես չէ, ձեր ազգանունն է Սվոլոչինսկիյ[1],— ասացի ես, դիտմամբ աղավաղելով նրա անունը։

Մարդը ցնցվեց, նայեք ինձ ոտքից մինչև գլուխ կատաղի հայացքով, բայց ոչինչ չասաց։ Հետևյալ օրը նա չեկավ, և ես այլևսչհանդիպեցի նրան։

— Դուք նրան իր իսկական անունն եք տվել,— ասացին վրացի ուսանողները, երբ դեպքը պատմեցի նրանց։

  1. 1․ Սվոլոչ, сволочь - սինլքոր, Շ․։