Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
***

Նրանք չորս հոգի էին, չորսն էլ «գաղափարական» վարժուհիներ, չորսն էլ սևահեր, գրեթե սևամորթ, որսն էլ պատկառելի տարիքով, թեև տակավին օրիորդներ։ «Իրարու նմանները միանում են»,- ասում են ֆրանսիացիք և զուր չեն ասում։ Ինչու էին Փարիզ եկել - չհարցրի, համենայն դեպս համաշխարհային ցուցահանդեսի ապրանք չէին։ Գուցե եկել էին իրանց ճաշակը նրբացնելու, երևի Փարիզի կյնաքից այնքան հուզումնալի ռոմաններ կլանելուց հետո։ Եվ նրբացնում էին, ագահությամբ յուրացնելով բուլվարային հյուրիների ազատ ձևերն ու շարժումները։ Այս տեսակետից առանձին ջանք և ընդունակություն էր ցույց տալիս ամենից կրտսերը, նա, որ կլիներ մոտ քառասուն տարեկան։ Սրճարանի տերբասում նստելով մի աթոռի վրա, նա մինչև ծնկները բաց ոտները ցցում էր մի ուրիշ աթոռի վրա, կոթնում թր մի երրորդին և բարձրաձայն քրքջում էր առանց որևէ պատճառի։ Մյուսները չէին քաշվում պրոֆեսոր Միքայել Թամամշյանի և իմ ներկայությամբ պատմել ցինիկ անեկտոդներ։ Այդ ի՞նչ էր, Փարի՞զն էր նրանց խելագարեցրել, թե՞ հենց խելագար էլ եկել էին։

Ես զայրանում էի, զայրանում էր նամանավանդ դյուրագրգիռ Թամամշյանը, չնայելով, որ մեր կյանքում նման և ավելի զմայելի բաներ էինք տեսել ու լսել։ Բայց ոչ ես և ոչ էլ նա չէինք արտահայտում մեր զայրույթը, հարգելով չորս վարժուհիների պատկառելի կոչումը։ Վերջապես, մի անգամ պրոֆեսորը, չկարողանալով այլևս իրան զսպել, ասաց․

— Հարգելի մանկավարժուհիներ, Փարիզը մարդկային լավագույն և վատագույն բարքերի խառնուրդն է, աշխատեցեք այս քաոսից չտանել այն անպետք ապրանքը, որը վաղը ձեր հայրենիքում ամոթով դեն պիտի շպրտեք․․․

Բարեբախտաբար չորս վարժուհիները շուտ ավարտեցին իրանց դասընթացքը և շուտով ուղևորվեցին Իտալիա․․․

Մի օր ինձ մոտ եկավ «Աղբյուր-Տարազի» խմբագիր-հրատարակիչ Տիգրան Նազարյանը։ Դա ինձ համար անսպասելի չէր․ ով մի քանի տարիներ ապրել է Եվրոպայում, անկարելի է, որ մի քանի անգամ հանդիպած չլինի այդ մարդուն