— Ոչ, պարոն, այս անգամ ձեր հրամանը կարող եք ինքներդ կատարել. ես ազատ եմ։
— Ուրեմն ձերդ գերազանցությունը բարեհաճում է գնալ, այո՞,— ծաղրեց նա իմ պաշտոնի չնչինությունը։
— Այո, ձերդ բարձրություն, գնում եմ,— ծաղրեցի ես նրա տիտղոսը։ Աղասի—բեգը կատաղեց։ Նրա սափրած շրթունքներն ուռան, փքվեցին ռետինե գնդակների պես, ապա տափակեցին ու նորից ուռան։
— Տեսնու՞մ եք,— ասաց նա մյուս գրագիրներին, որ հայեր չէին.— ես չէի՞ ասում, որ հայից երբեք օրինավոր մարդ չի դուրս գա։ Ախ, ցավում եմ, որ ես էլ հայ եմ ծնվել։
Մինչև այդ վայրկյանը մենք հայերեն էինք վիճում, որովհետև նա դարձավ ռուսերենի, ես էլ նույն լեզվով գոչեցի․
— Ես էլ ցավում եմ, որ դուք հայ եք։ Որքան քիչ լինեն ձեզ նմանները, այնքան լավ...
Բեգը կատաղեց, կապտեց։ Նրա դուրս ընկած գորտային աչքերը արյունով լցվեցին։ Ձեռն ուժգին զարնելով սեղանին՝ գոռաց.
— Ադա...
— Ադան դուք եք, պարոն,— ընդհատեցի ես և, սեղմելով իմ պաշտոնակիցների ձեռքը, դուրս եկա։
Ահ, իմ սրտի վրայից մի ծանր քար ընկավ կարծես, երբ զգացի, որ այլևս չպետք է ոտք դնեմ այդ նեխված մրթնոլորտը։ Որքան ես անփորձ էի, գիտեի, որ այդտեղ պիտի թմրեր առմիշտ իմ արթնացած միտքը։ Ահ, այլևս ստիպված չէի օրը վեց, յոթ ժամ արտագրել մի բթամիտ պաշտոնյայի բորբոսնած ուղեղի արտադրությունները մի հսկայական ժանգոտ մեքենայի համար։
Նոր պաշտոնս մասնավոր էր, մի նորակազմ նավթային ընկերության մեջ։ Մեծ չէր ամսականս— քսանհինգ ռուբլի, բայց գործս կենդանի ու հետաքրքրական էր գոնե առաջին հայացքից։ Նոր մեծավորս ինժեներ էր, ազգով լեհ, գոռոզ էր, բայց բարեկիրթ, քաղաքավարի։ Առաջին եվրոպացին էր, որին հանդիպում էի։ Նա ամեն բանով տարբերվում էր տեղական