ինտելիգենտներից, սկսած իր վարվողությունից մինչև իր արտաքինը և նույնիսկ հագուստը։ Առաջին իսկ օրից ես զգացի դեպի նա խորին պատկառանք, թեև երիտասարդ էր։ Ի՞նչ գիտեի, որ շուտով պիտի հիասթափվեմ։ Նրա բնակարանը ընկերության գրասենյակին կից էր։ Հաճախ գործերով նրա առանձնասենյակը մտնելով, ես նորելուկի հետաքրքրությամբ և նախանձով դիտում էի շքեղ պահարանների մեջ կանոնավոր դարսված փառակազմ գրքերը։
Մի օր ինժեներն այդ նկատեց և ասաց.
— Դուք գրքեր կարդալ ուզու՞մ եք։
— Այո։
— Ի՞նչ լեզվով եք կարդում։
— Ռուսերեն և հայերեն։
— Հայերեն,— կրկնեց նա տարակուսանքով,— այդ լեզվով գրված կարդալու գրքեր կա՞ն։
— Իհարկե,— պատասխանեցի ես մի տեսակ վիրավորված։
— Բացի ռուսերենից ուրիշ մի օտար լեզու գիտե՞ք։
— Ուրիշ ոչ մի լեզու։
— Զուր, շատ զուր, անհրաժեշտ է գիտենալ որևէ եվրոպական լեզու։
— Բայց մի՞թե ռուսական լեզուն եվրոպական լեզու չէ։
— Այո, իհարկե,— պատասխանեց լեհացին կիսաբերան,— բայց ոչ կատարելապես.․․
— Դուք ունե՞ք ռուսերեն գրքեր, Ստանիսլավ Սիգիզմունդովիչ։
— Ոչ,— պատասխանեց իշխանավորս մի այնպիսի արհամարհական եղանակով, որ կարծես ես նրան մի վիրավորական հարց տվեցի։
Ես վարում էի հաշվապահի պաշտոն, բայց օրը հազիվ երկու ժամ։ Մնացած ժամանակը իմ ծառայությունը նվիրված էր ուրիշ գործերի։ Գնում էի հանքերը, գործարանները, զանազան հանձնարարություններով, դրամ էի ստանում, վճարում էի գնված իրերի համար, մի խոսքով՝ փոքրիկ լիազոր էի ընկերության կողմից։